Արցախի քաղաքացիների օգտահաշիվները ենթարկվել ե...

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի Հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները: Հայտնում են  Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:

«Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորել է  ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից: