Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համա...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք եւ հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը:

Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը եւ նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձեւավորել:

Անդրադառնալով անօթեւան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ նախագահ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերն՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար Կառավարության կողմից առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաեւ պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Այնուհետեւ Արայիկ Հարությունյանը, Մարտակերտի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար: