Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի մոտ նախ...

Առաջին հայացքից թվում է, թե Արցախում ներքաղաքական զարգացումները կանգ են առել, քանի որ ընտրություններն արդեն անցյալում են, իսկ նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանն ընտրություններում իր հիմնական մրցակից Մասիս Մայիլյանին կարողացել է «վնասազերծել», բայց իրականում այս ընտրություններով նոր է սկզիբ դրվում այն գործընթացներին, որոնք լինելու են Արցախում։

Նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանն ամեն բան արեց, որպեսզի Սամվել Բաբայանը չկարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։ Բաբայանն իհարկե չմասնակցեց, բայց իր կուսակցությունը կարողացավ Ազգային Ժողովում դառնալ երկրորդ ուժը։ 

Սամվել Բաբայանը ոչ միայն ապացուցեց, որ ունի արցախցիների աջակցությունը, չունենալով ոչ մի պետական լծակ, այլ նաև ցույց տվեց, որ բավական լավ է տիրապետում քաղաքական խաղատախտակին ու այնքան հմուտ խաղացող է, որ նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը ստիպված եղավ նրան նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բաբայանն այս կառույցը փորձում է բավական ազդեցիկ դարձնել Արցախի ներքաղաքական կայնքում և կարծես թե ստացվում է։

Հայաստանի իշխանությունների համար ևս անկնկալ է եղել Բաբայանի նման հաջող մեկնարկը ու հիմա վարչապետ Փաշինյանն էլ ստիպված է հաշվի նստել նրա հետ։ Ավելին, Հայաստանի իշխանությունները, լավ են հասկանում , որ վաղ թե ուշ ստիպված են լինելու կարևորագույն հարցերով աշխատել Սամվել Բաբայանի հետ։ Նա բարձրաստիճան զինվորական է եղել, ղեկավարել է Արցախի ՊԲ-ն ու հիմա էլ քաղաքական գործընթացներում է ուժեղ դեր ստանձնել։ Փաշինյանի համոզմամբ, եթե անհրաժեշտություն լինի արցախցիների հետ որևէ հարցի վերաբերյալ պայմանավորվել, ապա դա լավագույնս կկարողանան անել հենց Բաբայանի միջոցով։

Սամվել Բաբայանն էլ լավ է հասկանում, որ ի վերջո իր համար լավ հնարավորություն է ստեղծվել դառնալու Արցախի նախագահ ու մասնակից դառնալ քաղաքական մեծ խաղերի։ Նա նաև լավ է հասկանում, որ Արայիկ Հարությունյանը չի կարողանա դիմադրել, եթե ինքը ցանկանա հեռացնել նրան, բայց չի ցանկանում շտապել, քանի որ իր նախագահ դառնալու համար կան օրենսդրական որոշակի խոչընդոտներ։ 

Հիմա Բաբայանը ընձեռնված ժամանակը ծախսելու է իր վարկանիշի աճի վրա։ Նա և իր թիմն ամեն բան անում են, որպեսզի արցախցիները համոզվեն, որ Արայիկ Հարությունյանը Բաբայանի մոտ  նախագահ է աշխատում, ինչպես ժամանակին մտածում էին Արկադի Ղուկասյանի մասին։ Իսկ երբ հարմար ժամանակը գա Բաբայանը «կազատի աշխատանքից» նախագահ աշխատող Արայիկ Հարությունյանին։