Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի առ...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 20-ին ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Օհանջանյանին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Բաղրյանին ոլորտը տևական ժամանակ արդյունավետորեն ղեկավարելու համար և հաջողություններ մաղթել Արարատ Օհանջանյանին՝ հատկապես այս ծանր՝ համավարակային պայմաններում այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հանրապետությունում անվճար և որակյալ առողջապահական համակարգ ունենալը նախագահի ծրագրի առաջնային սկզբունքներից է: Սակայն, նախագահի խոսքով, բարեփոխումների ճանապարհին ոլորտում պետք է բացառել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթները, ինչպիսիք են՝

  • դեղերի ու սարքավորումների ձեռքբերման, դեղատոմսերի դուրս գրման գործընթացում կաշառքի գործոնը,
  • լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղղորդված ուղեգրումը:

Նախագահ Հարությունյանը հավաստել է, որ գործընթացն իրականացվելու է ԱԱԾ վերահսկողության ներքո, և ովքեր չհետևեն վերոնշյալ ցուցումներին, ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Այս ամենին զուգահեռ, նախագահի խոսքով, աշխատանքի նախապայմաններ կհանդիսանան հետևյալ ուղենշային կետերը՝

  • հիվանդների նկատմամբ բոլոր հանգամանքներում բարյացակամ վերաբերմունքի ցուցաբերումը,
  • հետազոտման և բուժման միզազգային գործելակարգերի (պրոտոկոլների) պարտադիր ներդնումը,
  • ոլորտում որոշումներ կայացնելիս կոլեգիալ սկզբունքի ապահովումը,
  • այն հետազոտությունների ցանկի հստակեցումը, որոնք Արցախում չեն իրականացվում:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ բուժաշխատողների սոցիալական երաշխիքների ապահովումը երկրի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության գլխավոր խնդիրներից է: Այդ համատեքստում հատկանշական է ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հանգամանքը, որի առաջին փուլը  նախատեսվում է սեպտեմբերին, երկրորդը՝ գալիք տարվա հունվարին: 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ