Առափիի մետաղական կամրջին տրվել է տեղական նշան...

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի միջնորդությունը՝ Առափիի մետաղական կամուրջը տեղական նշանակության հուշարձան ճանաչելու վերաբերյալ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Գյումրի քաղաքից Առափի համայնք տանող ավտոճանապարհի հատվածում, Ախուրյան գետի վրա՝ ցարական Ռուսաստանի Ալեքսանդրապոլի բերդի զինվորականների կողմից, տեղացի արհեստավորների օգնությամբ 1877 թվականի ապրիլին կառուցած մետաղյա կամուրջն իր կառուցվածքով (պողպատե կոնստրուկցիա) Հայաստանում առաջինն է: 1877 թվականի ապրիլին կամուրջով է անցել ռուսական բանակը և գրավել Կարսը: Այն եղել է Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ճանապարհը: Ներկայումս կամուրջը չի օգտագործվում: 1980-ականներին կամուրջի հարևանությամբ կառուցվել է նոր երկաթբետոնյա կամուրջ:
Այս աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող կամուրջը մինչ այժմ ընդգրված չէր Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսուհետ այն համարվում է նորահայտ հուշարձան, որի պահպանությունն իրականացվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։