Առաջին անգամ օվկիանոսից այն կողմում գտնվող «ե...

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը արդեն երկու օր է, ինչ լրահոսի գլխագրերից չի իջնում։ Հատկապես ոգեւորվել են իշխանականներն ու իշխանամերձները։ Հասկանալի է, կյանքում առաջին անգամ օվկիանոսից այն կողմում գտնվող «երազանքների երկրից» Նիկոլ Փաշինյանին ասել է «հելլո», գուցե նաեւ՝ ժպտացել։ Ու հիմա նիկոլական վարչակարգում «մե քեֆ է, մե ուրախություն»։ Սակայն եկեք ամեն բան, ինչպես Մհեր Մկրտչյանը կասեր՝ «հանգամանորեն բացատրենք»։ Նախ, թիվ մեկ հետաքրքրություն ներկայացնող հարցը հետեւյալն է․ հեռախոսազրույցը ում կողմից է նախաձեռնվել՝ ԱՄՆ Պետքարտուղարի, թե Հայաստանի վարչապետի։ Սա չափազանց կարեւոր է։ Երկրորդ, շատ ուշագրավ է այն, որ Բլինկեն-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ասում է, որ նախագահ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական պետական գործիչ է։ Սա ուղիղ կերպով նշանակում է, որ Կրեմլը ասում է նախագահ Քոչարյանն ունի «մեր ամբողջ բարեհաճությունը», հանգամանք, որին իր վարչապետության առաջին իսկ ակնթարթից ձգտեց Նիկոլ Փաշինյանը, բայց այդպես էլ չհասավ, մնալով Կրեմլի աչքում սոսկ փողոցից իշխանության եկած՝ փաշինյանական բառապաշարով ասած՝ սովորական «դուրսպրծուկ»։ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում ներկայիս գերլարված իրավիճակում հնարավոր է, որ գործ ունենք Փաշինյանի հերթական աճպարարության հետ։ Մասնավորապես հետեւյալի մասին է խոսքը․ ներքին լսարանին համոզելու համար, որ ինքն իրենից ինչ որ բան ներկայացնում է այնուհանդերձ, հնարավոր է, որ Փաշինյանը գնացել է արկածախնդրության եւ որոշել նախաձեռնել՝ զանգահարելու Պետքարտուղար Թոնի Բլինկենին՝ Հայաստանում ամերիկյան դեսպանատան եւ ամերիկյան շահերի սպասարկման ազդեցության գոտում գտնվող գործիչների աջակցությամբ հեռախոսազրույցի համաձայնությունը ձեռք բերելով։ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում Բլինկեն-Փաշինյան հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից այնպիսի տպավորություն է ստացվում, որ հեռախոսազրույցը եղել է «ոչ մի բանի մասին է եղել»․ ստանդարտ ձեւակերպումներ, նույնիսկ տողարանքում ոչինչ չասող նախադասություններ /հաղորդագրությունը բաղկացած է 79 բառից, 4-5 նախադասությունից/։ Այլ խոսքով ասած՝ զուտ արարողակարգային հեռախոսազրույց եւ ոչ ավելին։ Ճիշտ նույն կերպ Բլինկենը կարող էր հեռախոսազրույց ունենալ օրինակ Վանուատուի ղեկավարի, Սվազիլենդի ղեկավարի, Բուրկինա Ֆասոյի ղեկավարի կամ այլ որեւէ աննշան երկրի ղեկավարի հետ՝ պահպանելով արարոզակարգային-քաղաքավարական բնույթը։ Սակայն կա այստեղ եւս մեկ ասպեկտ, որը պետք է նկատի ունենալ։ Այն, որ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցը տեղի է ունենում Պեսկովի հայտնի հայտարարությունից հետո, արդեն իսկ կարող է նշանակել, որ այս կերպ Փաշինյանը ինչ որ բան է հասկացնում Կրեմլին, որ եթե Քոչարյանը ունի ձեր «բարեհաճությունը», ապա իմ հետ խոսում է հեռախոսով Պետքարտուղար Բլինկենը։ Սակայն եթե նման բան ամեն դեպքում Փաշինյանը հասկացնում է Կրեմլին, ապա անուղղելի քաղաքական անմեղսունակ է, որովհետեւ հեռախոսազրույցը այն էլ «ոչ մի բանի մասին» դեռ չի նշանակում աջակցություն եւ բացի այդ, միայն «քաղաքական անմեղսունակը» կգնա իր երկիրը ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմ դարձնելուն։ Իհարկե գուցե Փաշինյանի հույսը Սահակաշվիլի դառնալն է, բայց դե չպետք է մոռանալ, որ Սահակաշվիլին նաեւ իր փողկապը սկսեց ծամծմել բառի ուղիղ իմաստով։ Այնպես որ, հույս ունենանք նոր կարճամիտ արկածախնդրությունից Հայաստանի գործող վարչապետը հետ կկանգի։