Առաջիկա երկու ամիսը ամենավտանգավորն են Արցախի...

«Չկա որեւէ բան, որը Ռուսաստանինը չէ։ Հիմա մնում է Արցախի հարցը։ Ինչ է Արցախի հարցը։ Երբ որ մենք մտանք ԵԱՏՄ, բառացի ես ասացի հետեւյալը՝ «Մի դարձրեք Արցախը մանրադրամ՝ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար։ Հիմա որն է Ռուսաստանի միակ խնդիրը․ Ադրբեջանին բերել ԵԱՏՄ։ Ինչպես դա կարող է անի, միայն Արցախի միջոցով։ Ուրիշ ճանապարհ չկա։ Հիմա դա բաժանած է մի քանի փուլերի։ Առաջին փուլը Ռուսաստանը կարողացավ հաջողությամբ կյանքի կոչել Արցախում, այն է՝ Արայիկ Հարությունյանին ընտրել տվեց նախագահ, ով Սերժ Սարգսյանի եւ էդ թիմի մարդն է։ Հիմա գնում է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հնարավորինս այսպես ասած օտարացումը եւ Արցախի կապումը Ռուսաստանի հետ։ Այս գաղափարների ամենաուժեղ ջատագովը եղել են Տարասովն ու Կոլերովը։ Հիշենք, թե անցյալ տարի նրանք ինչպես գնացին Արցախ եւ Մաշտոցի համալսարանում ինչպիսի ելույթներ ունեցան։ Այսինքն՝ առաջին փուլում ընտրություն, Ղարաբաղի օտարացում Հայաստանից, Ղարաբաղի կապում Ռուսաստանի հետ, հետո մի կես տարի կամ մեկ տարի, ամենաշատը երկու տարի ռուսական իշխանության տակ դա պահել, հետո դրանով վճարել Ադրբեջանին եւ ստանալ կամ Ադրբեջանի անդամակցություն ԵԱՏՄ-ում կամ ավելի ուժեղ ազդեցություն։ Այ էս տեսանկյունից պետք է նայենք, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա էստեղ միայն համաշխարհային մեծ փոփոխություններն են, էսպես ասած, որ կարող է այս ընթացքը կասեցնի։ Այսինքն թե՝ շատ բան արդեն մեզանից դուրս է դրած»,- կարծում է Կանադայում ՀՀ նախկին դեսպան, միջազգային հարաբերությունների մասնագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի Հարավ-Կովկասյան ռեգիոնում ունեցած շահերին եւ վարած քաղաքականությանը։

Պարոն Պապյան, բացի փորձագետների կարծիքից, ձեր վարկածի օգտին ինչ փաստեր են խոսում։

Իմ վարկածի օգտին խոսում է իմ ունեցած ներքին ինֆորմացիան՝ Մոսկվայի՝ բավականին հավաստի ու բարձր շրջանակներից, որոնց անունները ես չեմ տա, եւ եթե նայեք իմ հարցազրույցները, ապա ես դեռ անցյալ տարի էի ասել, որ մինչեւ աշուն տեղի կունենա, հետո բացատրեցի ինչու էդ ամբողջը հետաձգվեց, կապված մի քանի խնդիրների հետ։ Ես պարզ ասել էի, որ կանցնեն ակտիվ գործողությունների։ Հիմա էս կորոնավիրուսը շատ բաներ փոխում է, սակայն նաեւ ահագին հնարավորություն է տալիս։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Օրերս Բակո Սահակյանի ստորագրած հրամանագիրը արտակարգ իրավիճակ սահմանելու մասին։ Այսինքն, մի կարգավիճակ են մտցնում Արցախում, որով թեեւ չչեղարկվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, սակայն սահմանափակվում են քաղաքացիական իրավունքները, այսինքն բողոքի ցույցերը եւ դժգոհությունները լրիվ վերահսկողության տակ են։ Նաեւ թեկնածություների տրամադրություններն ու արտահայտած մտքերն են այդ մասին խոսում։ Դուք մոռանում եք, որ կես տարի առաջ Սամբել Բաբայանը բացահայտ խոսեց Ղարաբաղի հանդեպ ռուսական մանդատի մասին։

Բայց մի տեսակ խաբուսիկ տպավորություն է ստեղծվում, քանի որ ձեր նշած մարդիկ, ովքեր ենթադրաբար մտնում են ռուսական գծի մեջ, նաեւ հակառակորդներ են ըստ էության։ Ոնց է ստացվում, որ նույն ծրագրի համար աշխատող Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը քաղաքական հակառակորդներ են եւ ամեն բան արեցին, որ միմյանց խանգարեն։

-Նրանք իրականում ոչ թե քաղաքական հակառակորդներ են, այլ Ռուսաստանի համար այլընտրանքներ են։ Լուրջ երկրին եւ լուրջ մարդուն երբ հարցնում են, թե դուք որ թեկնածուին եք աջակցում, ասում է, որ բոլորին է աջակցում, որպեսզի ով էլ հաղթի, լինի իր հաղթանակը։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացրեց էնտեղ։ Դուք ուշադրություն դարձրեք, եւ Հայաստանում, եւ Արցախում Ռուսաստանը գործում է էն ուժերի դեմ, որոնք հանդես են գալիս Հայաստանի ինքնիշխանության հզորացման կամ Ղարաբաղը Հայաստանին միացման օգտին։ Իսկ բոլոր էն ուժերը, որոնք հանդես են գալիս անկախ Ղարաբաղի օգտին, իսկ Ռուսաստանը լավ է հասկանում, որ անկախ Ղարաբաղ չի կարող լինել, այն պետք է լինի կամ Հայաստանի մաս, կամ Ռուսաստանի մաս, կամ ովքեր որ հանդես են գալիս էդ տիպի խուճուճ խուճուճ մտքերով, ինքը բոլորին աջակցում է։ Ավելին ասեմ ձեզ, էնտեղ նաեւ, երբ որ Բալասանյանի թեկնածությունն առաջքաշվեց, դա արվեց նրա համար, որպեսզի էդ ֆոնի վրա, կոշտ հակահայաստանյան ֆոնի վրա մյուս երկու թեկնածուները ավելի ընդունելի լինեին։ Այդ խաղը իրենք շատ լավ խաղացին ու ստացան էն ինչ ուզում էին։ Ռուսաստանը ինչ մտքին դրել էր, այս փուլի համար ստացավ։

Մի մոռացեք նաեւ խորհրդարանական ընտրությունները։ Մի մոռացեք նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Առաջին երկրորդ տեղում 16 եւ 9 քվեով ովքեր են, երրորդ տեղում էլ Բալասանյանն է։ Ավելին ասեմ, եթե նախորդ խորհրդարանում գոնե մեկ-երկու պատգամավորներ կային, որոնք որոշակի քննադատական կամ ընդդիմադիր դիրքերից էին խոսում եւ կարող էին խոսել, մասնավորապես Հայկը Խանումյան, ապա էս անգամ արդեն ինքն էլ չանցավ, իր կուսակցությունն էլ չանցավ։ Էլ չեմ ասում Վահան Բադասյանի մասին, ով միակն էր, ով հանդես էր գալիս Հայաստանի հետ միավորման հստակ ժամանակացույցով։ Եվ կարծեմ հենց Տարասովն էլ ասաց, որ Ռուսաստանը 200 տոկոսով դեմ է Ղարաբաղի միավորմանը Հայաստանին, եւ երբեք համաձայն չի լինի դրան։ Սրանք մարդիկ են, որոնք զբաղվում են, եւ զբաղվել են տասնամյակներով Ղարաբաղի հարցով եւ իրենք հանդիսանում են որոշակի մտքերի արտահայտիչները, ինչ որ տեղ փորձարկելու համար էդ մտքերը, ինչ որ տեղ նախազգուշացնելու։ Եվ ցավն էն է, որ Հայաստանի ներկա իշխանություններըի մոտ բացարձակապես միջպետական հարաբերություններն ու Արցախի հարցը ամբողջովին ստվերում են մնացել։ Մի տեսակ ներքաշվել ենք ավելի էս ներքին խնդիրների մեջ, ներքին խոսակցությունների մեջ ու էնպիսի կարեւորագույն հարցեր, ինչպիսիք են Արցախի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը, մյուս հարցերը, մնացել են ստվերում։

Պարոն Պապյան, եթե ամփոփելու լինենք, ապա Ռուսաստանը կկարողանա Արցախն ամբողջապես իրենով անել, հաշվի առնելով, որ ինքն էլ մեկուսացման մեջ է աշխարհում եւ նույնիսկ, եթե Հաագայի դատական պրոցեսը հաշվի առնենք, մալազիական ինքնաթիռի կործանման դեպքի առնչությամբ, նույնիսկ Պուտինի անձնական անվտանգության հարցը կա։ Հիմա այդ պայմաններում կկարողանա Արցախի հարցը ձեր ասածի պես լուծել, կամ Ադրբեջանը մտցնել ԵԱՏՄ։

-Ռուսաստանը ունի շատ լուրջ խնդիրներ եւ չունի էդ ներուժը։ Ես արդեն ասացի՝ եթե հասցնի։ Հիմա խնդիրը շատ պարզ է։ Պետք է ֆիքսենք, որ Ռուսաստանն ունի նաեւ ներքին խնդիրներ, որոնք խորանալու են։ Դրանք հիմնականում կապված են տնտեսական դժվարությունների, նավթի գնի անկման հետ։ Դա մի կողմից բերում է նրան, որ կարողությունները քչանում են, սակայն մյուս կողմից կա նաեւ ռուսական մեծապետական դրսեւորումների գովերգումը, որը կարող է դրդի նրան, որ Ռուսաստանը այդ ձեւով կոմպենսացնի։ Այսինքն թե բարդ իրավիճակը կարող է դրդել, որ Ռուսաստանը իրոք գնա նման քայլի։ Ես ասեմ, առաջիկա երկու ամիսը մինչեւ հունիսի վեցը, մինչեւ այն օրը, երբ բացվեց Նորմանդական երկրորդ ճակատը, շատ լուրջ շրջան է։

Եթե Աստված տա, որ մենք բարեհաջող անցնենք եւ այստեղ մեծ գործողությունների չդիմի Ռուսաստանը, ապա Հայաստանում կամ Արցախում, այսինքն գոնե մնա այնպես ինչպես կա, ապա լավ կլինի ու պետք է փառք տանք Աստծուն։

Ինչու՞ հունիսի վեց, որովհետեւ այդ օրը բացվեց երկրորդ ճակատը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պուտինը այդ օրը ցանկանում էր շատ մեծ միջոցառում անել , կանչել բոլորին եւ դա նշեին։ Դրա հետ կապված էլ կա նախանշած որոշակի ծրագիր։ Բա ինչու է Ռուսաստանը, եթե ուշադիր եք, եւ անձամբ Պուտինը խոսում անընդհատ Երկրորդ համաշխարհայինի մասին եւ մեծացնում դրա կարեւորությունը։ Կամ որ ասում են Յալթա, Պոտսդամ եւ այլն։ Որովհետեւ դա այն շրջանն է, որ Ռուսաստանն եղել է իր հզորության գագաթնակետին։ Պուտինն ուզում է բերի միջպետական հարաբերությունները այդ շրջանակի մեջ ու խարսխի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի վիճակի հետ։ Արեւմուտքն ընդհակառակը քանի որ դիտարկում է Երկրորդ համաշխարհային պատերազմը որպես Առաջինի ածանցյալ, եւ ընդհանրապետ Սովետն համարում է պատմական կարճատեւ ինչ որ անոմալ բան, ապա գնում է դեպի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի աշխարհակարգին։ Էստեղ երկու ֆունդամենտալ տեսակետների բախում կա, թե որը կհաղթի՝ Արեւմուտքի տեսակետը, թե Ռուսաստանի տեսակետը։ Իմ կարծիքով կհաղթի առաջին տեսակետը, որպես աշխարհակարգի խարիսխ, քանի որ Ռուսաստանն այդքան ռեսուրս չունի, բայց նաեւ գիտենք, որ ռեսուրս չունեցողը երբեմն նաեւ արկածախնդրային քայլերի է գնում ներքին խնդիրները լուծելու համար։ Դրա համար եմ ասում, որ այս երկու ամիսը ամենավտանգավորն են։