Արա Այվազյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը եղա...

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանակության մասին լուրերին ասաց․«Ինչպես տեսնում եք՝ ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով, խնդրում եմ այլ հարցեր տվեք»:  Հարցին, թե ինչու է  Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը, Այվազյանը նշեց. «Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն»:

Ինչ վերաբերվում է ռազմագերիների հարցին՝ նախարարը նշեց, որ ռազմագերիների  հարցը 24-ժամյա ռեժիմով իրենց ուշադրության ներքո գտնվող հարցերից է. «Մեր միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Եթե նկատել եք՝ միջազգային ճնշումը գնալով աճում է և գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը կամաց -կամաց դառնում է գլխացավանք հենց Ադրբեջանի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»: Թե ինչ ժամկետներում է դա հնարավոր լուծել, Արա Այվազյանը հորդորեց համբերությամբ լցվել և նշեց, որ թե՛ իշխանության, թե՛ միջգերատեսչական հանձնաժողովի և թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից արվում է ամեն ինչ: