Ապահովել հանրության պատշաճ և բովանդակային մաս...

2020 թ․-ի օգոստոսի 27-ին ՀՀ Կառավարության  նիստի օրակարգում  ներառվել և ընդունվել են  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը։ 

Նախագծերը հանրային քննարկման էին դրվել 2020 թ․ օգոստոսի 27-ին՝ ՀՀ Կառավարության նիստի անցկացման օրը, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղարկվել էին քննարկումից 1 (մեկ) օր առաջ։ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, գնահատելով Կառավարության նման վարքագիծը, գտնում է, որ այն ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքին, այն է՝ որոշումների կայացմանը հանրային պատշաճ մասնակցության ապահովումը։ 

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման ոչ ժողովրդավար գործելակերպ արձանագրվել է 2020 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին շրջանառված մի շարք օրենսդրական ակտերի նախագծերի դեպքերում, երբ խախտվել է օրենսդրական նախագծերի հանրային քննարկումների անցկացման կարգը։ 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Այսպիսով՝ արձանագրելով Կառավարության կողմից որոշումների կայացմանը հանրության մասնակցության ապահովման պարտավորություններից շեղման փաստերը՝ պահանջում և կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը․ 

1.ապահովել օրենսդրական ակտերի նախագծերի հրապարակայնությունy, հասանելիությունը և ժամկետների պահպանումը

2.սահմանել Կառավարության պարտավորությունը՝ բացառելու առանց հանրային պատշաճ,  բովանդակային քննարկման ապահովման և իրականացման, օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ Կառավարության կողմից որոշումների ընդունումը։ 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ