Ապագայում կրկին վճռորոշ կլինեն քաղաքացիական ն...

 Քաղաքական այն իրավիճակը, որն այսօր կա Հայաստանում, իրականում այնքան էլ նոր կամ անսովոր բան չէ հայաստանյան իրականության համար։

Ընթերցողները թերեւս կհիշեն, թե ինչ եղավ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո։ Հայաստանը հայտնվեց գրեթե նույն իրավիճակում, ինչ հիմա է։ Իհարկե, այսօր իրավիճակն ավելի վատ է, բայց այն օրերին էլ, ըստ էության, սուր քաղաքական ճգնաժամ էր Հայաստանում։ Այն օրերի իշխանությունները, արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարցը որոշեցին լուծել բավական «կրեատիվ» կերպով՝ 2012 թվականի ԱԺ ընտրություններում խորհրդարան տանելով քիչ թե շատ կարող բոլոր ուժերին։ Հիշենք, 2012 թվականի ընտրություններով ձեւավորված 5-րդ գումարման ԱԺ-ի կազմը՝ ՀՀԿ՝ 69 պատգամավոր, ԲՀԿ՝ 37 պատգամավոր, ՀԱԿ՝ 7 պատգամավոր, ՕԵԿ՝ 6 պատգամավոր, ՀՅԴ՝ 5 պատգամավոր, «Ժառանգություն»՝ 5 պատգամավոր, եւ նաեւ երկու անկախ պատգամավոր։ Պարզ ասած՝ «փողոցը» որպես քաղաքական հարթակ դատարկվեց։ Սա ինչ որ առումով նպաստեց, որպեսզի արդեն 2013 թվականից սկսած ի հայտ գան քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ժողովրդի մեջ հայտնի դարձան «100-դրամների», «Տարոն ջան սիրուն չէ» եւ այլ անուններով։

Ըստ էության, հասարակության դժգոհություններին տեր կանգնող չեղավ քաղաքական կուսակցությունների կողմից։ Կուսակցությունները տեղավորվել էին ԱԺ-ում ու աստիճանաբար կտրվում էին նաեւ ռեալ իրականությունից, այն իրականությունից, որը կար «փողոցում» Այսպես փոխվեց նաեւ հասարակության ընկալումները։ Կուսակցությունները սկսեցին արժեզրկվել եւ իրենց տեղը զիջել ավելի կենսունակ եւ արդիական քաղաքացիական նախաձեռնություններին։ Դա նպաստեց, որպեսզի ամրապնդվի քաղհասարակության դիրքերը։

«Էլեկտրիկ Երեւան»-ը արդեն ցույց տվեց, որ հասարակական նախաձեռնությունները կարող են հարց լուծել։ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ էլ կուսակցություններին, մեղմ ասած, «մարդահաշիվ» չէին համարում, եւ արդեն նախաձեռնություններն էին օրակարգ ձեւավորողները։ Սա, երեւի թե, Սերժ Սարգսյանի հերթական շախմատային կոմբինացիան էր, որը բերեց քաղաքական ուժերի գրեթե ամբողջական ամլացման եւ կամաց-կամաց սաղմնավորեց քաղաքական սերնդափոխությունը Հայաստանում։

Հիմա, ըստ էության, նույն բանն է արվում։ Ամենայն հավանականությամբ դեռ երեկ փողոցային պայքարի դրոշակը ստանձնած կուսակցությունները «բիրիքով» կհայտնվեն առաջիկա հունիսի 20-ի ընտրություններով ձեւավորվելիք խորհրդարանում։ Կրկին «փողոցը» կդատարկվի։ Հասարակական դժգոհությունները կմնան, ու կսկսվի Հայաստանի քաղաքական սերնդափոխության նոր՝ գուցե եւ վճռական փուլը։