Ամուլսարի պահապանների հաղթանակը

Ամուլսարի պահապանները եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են, որպեսզի Ամուլսարը վերածվի հանքի եւ շահագործվի, այսօր տոնել են իրենց առաջին՝ դժվար է ասել, մեծ կամ փոքր հաղթանակը, արդեն միջազգային մակարդակում։ Բանն այն է, որ ըստ opendemocracy.net կայքի փոխանցման, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հրաժարվել է Ամուլսարում ներդրումներ կատարելուց։ Բանկից պարզաբանումը բավական խոսուն է եւ հստակ․ ՎԶԵԲ-ը մտահոգված է Ամուլսարի շուրջ ստեղծված կացությամբ, հատկապես վերջին շաբաթնբերի զարգացումներով, կարծում է, որ այդ զարգացումները հարվածում են բանկի հեղինակությանը եւ որոշել է դուրս գալ նախագծից։

Սա ինչ խոսք կարեւոր նվաճում է, քանի որ 400 միլիոնանոց ներդրումային ծրագրից ՎԶԵԲ-ի նման հեղինակավոր կառույցի դուրս գալը, այն էլ նման պատճառաբանությամբ, ինչ խոսք լուրջ հարված է նախագծին առհասարակ։ Սա պարզ խոսքով ասած՝ պայմանականորեն ձեւակերպենք՝ Ամուլսարի պահապանների երկամյա պայքարի արդյունքն է, եւ ցույց է տալիս, որ այդ պայքարը իր ամեն մի դրսեւորմամբ միջազգային հանրության կողմից ուշադիր ուսումնասիրվել է։ Սա նաեւ լուրջ ազդակ է Հայաստանի կառավարությանը, վերջ դնելու վախկոտ եւ թուլամորթ կեցվածքից եւ բացելու խաղաքարտերը եւ ասելու, թե ի վերջո որն է Փաշինյանի թիմի քաղաքական որոշումը։ Ի վերջո հասկանալի է, որ ժամանակի ընթացքում պայքարը մաշեցնելու գնով ծրագիրը չի կարող գործել։

Բացի այդ, եթե հանկարծ ուժ էլ կիրառվի, արդեն լրջագույն խնդիր է, քանի որ դա կնշանակի հանքը շահագործել բռնության գործադրմամբ, մարդկանց իրավունքների խախտմամբ, ու այստեղ արդեն որեւէ ներդրող փող դնելուց առաջ պետք է մտածի, արդյոք կուզենա վաստակել բռնարարությամբ փող դիզողի համբավ 21-րդ դարի բիզնես աշխարհում։ Ուշադրություն դարձնենք, ՎԶԵԲ-ը դուրս է գալիս նախագծից դեռ ընդամենը իր բարի համբավը պահպանելու եւ կասկածելի հեղինակությամբ նախագծի հետ առնչակցություն չունենալու համար, միայն վերջին շաբաթների զարգացումները վերլուծելով։

Իսկ կպատկերացնեք արդյոք, թե ինչ կլինի, եթե ավելի լայն հանրային ռեզոնանս ստանա Ամուլսարում եղած ուրանի թեման, եւ դրա ներկայացրած գլոբալ էկոլոգիական վտանգների հարցը, եթե հանքը շահագործվի։ Ի վերջո, հարցը միայն ոսկին չէ, այլ նաեւ միջուկային վառելիք, խիստ վտանգավոր ուրանը։