Ալիեւը ինչ որ բանի է սպասում. Փաշինյանը փորձո...

Մնացականյան-Մամեդյարով վերջին տեսակապային հանդիպումից հետո, որը կայացավ միջնորդությամբ եւ մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնկան ներկայացուցչի, հայտարարվեց, որ երկխոսությունը կշարունակվի։ Սա, որքան էլ այսպես ասած «հերթապահ» նախադասություն համարվի, սակայն որոշակի կարեւորություն ունի այն իմաստով, որ ըստ էության, հակամարտող կողմերը դեռեւս չեն հասել այն կետին, որ բանակցությունները համարեն սպառված, գոնե գործող ֆորմատով ու գործող պայմաններով եւ շարունակում են, ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ս․ Տարասովը, մնալ թրենդի մեջ։

Իհարկե, երկու կողմերի ԱԳ նախարարություններից հայտարարություններ հնչեցին՝ «մեկն ասում ենք, երեքը պահում մտքում» սկզբունքին հավատարիմ։ Սակայն նույնիսկ այս դեպքում կա այն զգացողությունը, ընդհանուր մթնոլորտից, որ կողմերը Ղարաբաղյան կարգավորման հարցի հետ կապված մտադիր են հետագայում էլ խաղալ միմյանց միջեւ սահմանված խաղի կանոններով։

Ընդհանուր առմամբ, երբ ուսումնասիրում ենք հատկապես Փաշինյանի իշխանության գալուց հետո Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը, նկատում ենք, որ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ իհարկե, կարգավորման հիմնական սկզբունքների բովանդակազրկում, իսկ Մինսկի խումբն էլ կարծես թե որդեգրել է «փոքրիկ քայլերով» առաջ ընթանալու մարտավարությունը, հույս ունենալով, որ որոշ հումանիտար հարցերի շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունները կբերեն ընդհանուր փոխվստահության մթնոլորտի, որն էլ իր հերթին կնպաստի, որ սկսեն ուղիներ որոնել գլխավոր հարցերի կարգավորման փոխզիջումներ գտնելու համար։

Հետաքրքրական է, որ այս համատեքստում առհասարակ ասպաերզից դուրս են մղվել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգյան պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին ապրիլյան սրացումից հետո շփման գծում մոնիթորինգի համակարգի ներդրում եւ միջազգային դիտորդների առկայություն։

Սակայն, եթե դիվանագիտական խողովակներով Ալիեւն ու Փաշինյանը «փոքրիկ քայլերով» փորձում են առաջ ընթանալ, ապա լրատվամիջոցներով երկուսն էլ լուրջ քաղաքական հայտարարություններ են անում։ Երեւանը խաղադրույք է արել այն բանի վրա, որպեսզի Բաքուն ներկայացնի փոխզիջումների սեփական պատկերացումները, որոնք առկա են եղել Մնացականյան-Մամեդյարով բանակցություններում, իսկ Բաքուն էլ հանրային մակարդակում շարունակում է իր այսպես ասած «երկաթբետոնյա» դիրքորոշմանը մնալ, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի մասով ցանկացած քննարկում պետք է ընթանալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ։

Կա այնպիսի տպավորություն, որ Ալիեւը ինչ որ բանի էր սպասում, որպեսզի Փաշինյանը թե ներքաղաքական հարթակում, թե հայ-ռուսական հարաբերությունների հարթակում ինչ որ լուրջ ու ճակատագրական սխալներ անի, որպեսզի օգտագործելով պահը՝ սկսի հարցի կարգավորումը այլ քաղաքական կոնտեքստով։ Սակայն կարծես թե Ալիեւի համբերությունը հատում է եւ սրանով կարելի է բացատրել նրա կողմից հնչեցված վերջին ջղաձիգ հայտարարությունները։ Սա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը բանակցային գործընթացում փորձում է ժամանակ ձգել, սակայն թե ինչու, դժվար է ասել։