Ալիեւի համար այս անգամ «խիյարը թարս բուսնեց»....

 Նախօրեին ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից հայտնի դարձավ, որ Ադրբեջանում իշխող ընտանիքի՝ Ալիեւների ֆինանսական միջնաբերդ համարվող «ՍՕԿԱՐ» ընկերությունում սպասվում են խոշորամասշտաբ կրճատումներ։

Պաշտոնական վարկածի համաձայն, վերակազմակերպվելու է ընկերության պարեկապահակային ծառայությունը, այսպես ասած՝ օպտիմալացման եւ աշխատակազմի թարմացման եղանակով, սակայն այն, որ «ՍՕԿԱՐ»-ը գնում է հաստիքների կրճատման կամ օպտիմալացման, արդեն իսկ բավական լուրջ ազդակ է, որ Ադրբեջանում ֆինանսա-տնտեսական առումով բավական բարդ վիճակ է ստեղծվել, այն աստիճան, որ հարվածի տակ է հայտնվել նաեւ Ալիեւների ֆինանսական «սրբության սրբոցը»։

Այս համատեքստում, կարելի է արդեն լիովին հասկանալ, թե ինչու էր անհրաժեշտ հուլիսի 12-ից սկսված մի քանի օր տեւած սրացումը հայ-ադրբեջանական սահմանին։ Իլհամ Ալիեւը իր սիրած ձեռագրին չի դավաճանում, եւ ինչպես Երեւանում էին ճիշտ նկատել, ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար որոշել է թեժացնել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։ Սակայն, ինչպես հայկական հին առածն է ասում, այս անգամ «խիյարը թարս բուսնեց» ու մտավ Բաքվում ինչ որ մեկի կամ մի քանիսի համապատասխան տեղը։

Ռազմական արկածախնդրության հենց սկզբում ադրբեջանական կողմը խայտառակվեց, կորցնելով մեկ օրում եւ գեներալի եւ գնդապետի։ Սա ինչ խոսք, զուտ հոգեբանական առումով, բավական դեր խաղաց ընդհանուր տրամադրությունների վրա ադրբեջանական հասարակության։

Որքան էլ գուցե ոչ մարդկային հնչի, սակայն այլ բան է զինվորի կամ պարզապես սպայի կորուստը, այլ բան է կորպուսի բարձրաստիճան պաշտոնյա գեներալի կորուստը։ Հենց արկածախնդրության սկզբից պարզ դարձավ որ Բաքուն տանուլ է տալիս, եւ նույնիսկ սեփական դեմքը փրկելու համար 30 միլիոնանոց դրոնի նետումը մարտադաշտ, ոչինչ չտվեց։

Հիմա, բավական բարդ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակում հայտնված Ալիեւների ռեժիմը բացի այն, որ չի կարողանում ապահովել բնակչության նվազագույն կարիքները (հիշեցնենք, որ Ադրբեջանում բնակչությանը օգնելու համար վերջերս հատկացվեց մոտ 200 դոլարի օգնություն, ինչը համացանցում ծաղրանքի տեղիք տվեց, քանի որ մոտ 200 դոլարով Ադրբեջանում երկար ժամանակ յոլա չես գնա) եւ դեռ չի գտել պատասխաններ, թե ինչպես է ստացվել, որ տարեկան միլիարդավոր դոլարներ կլանած բանակը նման խայտառակ վիճակում է, մի բան էլ պետք է կարողանա սպասվող ֆինանսա-տնտեսական ճգնաժամին դիմակայել ու հանուն դրա ստիպված է նույնիսկ «ՍՕԿԱՐ»-ը օպտիմալացնել։