Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը սկսում է խորան...

Ադրբեջանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները սկսել են մեղմացվել, թեեւ դժվար է ասել, թե իրավիճակը բարվոք է։ Նույնիսկ ադրբեջանցի մասնագետները այլեւս վաղուց չեն հավատում կորոնավիրուսի հետ կապված հրապարակվող պաշտոնական վիճակագրությանը, որպես կողմնորոշիչ՝ այդ երկրում համաճարակի վիճակի մասով եւ կարծում են, որ մեղմացումներն ունեն շատ ավելի տնտեսական պատճառներ։

Ինչպես ասում են՝ «Կարանտինը կարանտին, սակայն բյուջեն պետք է լցնել»։ Արդեն վաղվանից տնտեսական գործունեության եւ միջհամայնքային տեղաշարժերի հետ կապված սահմանափակումները հանվում են։ Նույնիսկ այս մեղմացումները, սակայն չեն բերի արագ արդյունքների, քանի որ օրինակ ռեստորաններն ու սրճարանները այցելուների հստակ սահմանաչափ են ունենալու․ սրահները չպետք է լցվեն ավելին, քան 40 տոկոսով։ Բացի այդ, մարդկանց մոտ վախի գործոնը մեծ է եւ մարդիկ պարզապես խուսափում են հանրային վայրերից։ Ուստի արդեն հիմա շատ տնտեսվարողներ կարծում են, որ նույնիսկ 40 տոկոսով սրահները ռեստորաններում լցնել հնարավոր չի լինի։

Բաքվում թեեւ հասկանում են տնտեսական խնդիրները, սակայն կարծում են, որ իշխանությունները այս մեղմացումների հարցում ավելորդ շտապողականություն են ցուցաբերել, քանի որ դեռ պարզ չէ, թե համաճարակի բռնկման երկրորդ ալիք լինելու է, թե՝ ոչ։ Միաժամանակ նաեւ հասկանում են, որ երկիրը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնել, իսկ նավթային փողերը հավերժ չեն եւ ստեղծված բարեկեցության եւ նավթային տարատեսակ ֆոնդերը հալչում են անասելի արագությամբ։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ եթե նախկինում ադրբեջանցիները կարող էին մինչեւ 1000 դոլարի ապրանք գնել արտասահմանում եւ անմաքս բերել երկիր, ապա այժմ այդ սահմանաչափը նվազեցվել է մինչեւ 300 դոլարի։

Չի բացառվում, որ Ադրբեջանը մոտ 1 միլիարդ դոլարի պարտք վերցնի։ Ասիական Զարգացման բանկն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է Բաքվին տրամադրել 760 միլիոն դոլար։ Վերլուծաբանների համար հետաքրքրական է ոչ այնքան միջազգային կառույցների պատրաստակամությունը՝ վարկավորել Բաքվին, այլ այն, թե ինչպիսի տոկոսներ են առաջարկվելու վարկերի համար, եւ ինչպես են դրանք վերադարձվելու։