3 կուսակցությունները բողոք կներկայացնեն Գլխավ...

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները օրենքով նախատեսված կարգով բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն, քանի որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել 3 կուսակցությունների կողմից Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդման հիման վրա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

«Մենք ներկայացված հաղորդման մեջ մատնանշել էինք մի շարք փաստեր, որոնցով ցույց էինք տալիս, թե ինչպես է մեր կողմից մատնանաշված բարձրաստիճան պաշտոնատար անձնանց շրջանակը փորձել իրականացնել իր հանցավոր մտադրությունը՝ ՍԴ-ի լիազորությունները զավթելը։ Ցավոք սրտի, ՀՔԾ Հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Մինասյանն այս ներկայացված փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ։ Ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր հանցավոր այս մտադրությունը, չի ուսումնասիրել, իր պարտականությունն էր այս փաստերը մանրամաասն ուսումնասիրել՝ հերքել կամ հաստատել»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։

Ըստ նրա՝ դրա փոխարեն ավագ քննիչը բերված փաստարկների մեկ, երկու դրվագ է առանձնացրել է և հղում է արել ինչ-որ անբացատրելի գործողության և համարել է, որ այս փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար։

ՀՔԾ քննիչը, ըստ Արծվիկ Մինասյանի՝ ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք սուբյեկտիվ են։

«Ակնհայտորեն ավագ քննիչը խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում ձեռնարկվել է Սահմանադրության փոփոխություննները և որով նպատակ է ունեցել հանցավոր խումբը հասցնելու իրենց մտադրությունը ավարտին՝ զավթել ՍԴ-ն, արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի հետ և ամրագրել է, որ դա նրանց իրավունքն էր, Սահմանադրության համաձայն էլ, քանի որ պատգամավորը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ուստի և նրա նկատմաբ չի կարող հարուցվել քրեական գործ։ Սա ոչ միայն քրեական արդարադատության հիմանարար սկզբունքների կոպտագույն խախտում է, այլև պատգամավորի անձեռնմխելիության այնպիսի մեկնաբանություն է, որի արդյունքում ցանկացած ներկայացուցչական մարմնի պատգմավոր փաստորոն կարող է իր օրենսդրական նախաձեռնության շրջանակում թույլ տալ հնացագործություն և անպատիժ մնալ»,- ընդգծեց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ավագ քննիչը նաև այլ հարցերի շուրջ չի իրականացրել պատշաճ ուսումնասիրություն։

«Ըստ էության, ՀՔԾ-ը պատասխանատու անձը չի իրականացրել անաչառ, բազմակողմանի, ամբողջական վերլուծություն։ Չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները, և եկել է մի եզրակացության, որով ասել է ՝ քրեական հանցագործություն թույլ չեն տվել։ Ավելին՝ ըստ էության, ավագ քննիչը իր եզրակացությամբ հաստատել է, որ Սահմանադրական փոփոխությունների ընդունումը ԱԺ-ի կողմից առանց ՍԴ եզրակացության՝ օրինական է, ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչի լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը և Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետին, որ ներկայացվել է»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։