«168 ժամ». Նիկոլ Փաշինյան․հիշողության մանիպու...

«168 ժամ» թերթը գրում է. ««Ցանկացած ընտրություն, բացի գաղափարների ու խոստումների պայքարից, ինչ-որ իմաստով՝ նաեւ ժամանակային չափումների մրցություն է։ Ընտրություններին մասնակցող ուժերը նախ գնահատում են անցյալը, ախտորոշում են ներկան եւ ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրերը։

Այսինքն՝ խաչվում են ժամանակային երեք հանգրվաններ՝ անցյալ, ներկա եւ ապագա։ Այս մոտեցումը տեղին է հատկապես իշխող ուժի պարագայում, որը, բացի ապագայի մասին գեղեցիկ խոստումներից, ունի նաեւ անցյալի ու ներկայի համար հասցեական պատասխանատվություն։ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեպքում անցյալն ու ներկան արցախյան վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությունն է, կապիտուլյացիան, հետպատերազմական չսպիացող վերքերն ու չհաղթահարված արհավիրքը։

Գուցե նաեւ արդեն իսկ քանդված ասֆալտը եւ արդեն իսկ կերած բանակային ելակները։ Ահա այս պատկերի՝ ոչ հեռավոր անցյալի ու դրա հետեւանք ներկայի համար Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ունեն խիստ որոշակի, հասցեական, անվանական պատասխանատվություն։ Ընտրություններն այդ պատասխանատվության առնվազն քաղաքական բաղադրիչի իրացման միջոց պետք է դառնան։ Որեւէ առողջ հասարակությունում անցյալի նման բեռ ունեցող որեւէ իշխանություն չի կարող վստահության քվե ստանալ, որովհետեւ այդ քվեն նշանակելու է տեղի ունեցած ողբերգության լեգիտիմացում, ինդուլգենցիա, որ այդ իշխանությունը կարող է աղետի պատճառ դառնալ եւ որեւէ պատասխանատվություն չկրել դրա համար։ Հետեւաբար՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին տրված ցանկացած ձայն դառնալու է ոչ միայն ընտրական արդյունքի, այլեւ մեր հասարակության ախտորոշման արձանագրման ցուցանիշ։

Առաջիկա ընտրություններում հասարակությունը մանիպուլյացվելու է առավել, քան երբեւէ։ Մանիպուլյացիայի հիմքում Նիկոլ Փաշինյանը դնելու է ժամանակային չափումների՝ նախկինի, ներկայի ու ապագայի դեֆորմացիան։ Նա հասարակությանը հիշեցնելու է համեմատաբար հեռավոր անցյալը՝ նախահեղափոխական ժամանակաշրջանը, «նախկիններին», «թալանը», «կոռուպցիան»՝ դրանով փորձելով մոռացության մատնել ոչ վաղ անցյալը՝ պատերազմի արհավիրքը եւ երկիրը կործանման հասցրած իր գործունեությունը։

Խեղաթյուրելով անցյալի այդ չափումները՝ Նիկոլ Փաշինյանը խոստանալու է պայծառ ապագա՝ որպես դրա նախադրյալ ներկայացնելով հեռավոր անցյալի դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանի ողջ քարոզչությունը կառուցված է լինելու «միայն թե նախկինները չվերադառնան» սկզբունքով, եւ մեծ է վտանգը, որ հասարակությունը կուլ է տալու այդ խայծը։ Հանրային գիտակցությունը մանիպուլյացվել ու կառավարելի է դարձել այնպես ու այնքան, որ անցյալի հիշողությունը գերակա է ներկայի նկատմամբ, մարդիկ կույր են ամիսներ առաջ տեղի ունեցած ու շարունակվող աղետի հարցում, բայց նախանձախնդիր են հեռավոր անցյալի, դրա հնարավոր վերադարձը թույլ չտալու պարագային։

Անցյալը Նիկոլ Փաշինյանի համար եւ՛ մարտահրավեր է, եւ՛ հնարավորություն։ Նա փորձելու է համեմատաբար հեռավոր անցյալի հիշողության բորբոքմամբ ջնջել ամիսների վաղեմություն ունեցող անցյալի ողբերգականությունը։

Հասարակության առնվազն մի մասը նրան թույլ է տվել աղավաղել սեփական հիշողությունը, որի մանիպուլյացիայով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձելու է վերարտադրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում