Ալեն Սիմոնյանն, ի հեճուկս իր խոստման, սկսել է...

Politik.am-ի տեղեկություններով՝ Աժ փոխանախագահ Ալեն Սիմոնյանը, որը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարեց, թե իրենք այլ որակի իշխանություն են և ինքը չի օգտվելու պետական ծառայողական մեքենայից, սկսել է «պադավատով» շրջել։ Արդեն տևական ժամանակ է՝ Սիմոնյանը երթևեկում է ԱԺ հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենայով:

Բայց սա միակ ուշագրավ փաստը չէ. «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, Սիմոնյանն ավելացրել է անվտանգության աշխատակիցների քանակը։ Եթե նախկինում Ալեն Սիմոնյանի հեշտ շրջում էր անվտանագության մեկ աշխատակից, հիմա նրանց թիվը երեքն է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Դանիելյանի հետ միջադեպի օրը, Ալեն Սիմոնյանին ուղեկցել է անվտանգության մեկ աշխատակից, որը զարմանալիորեն չի միջամտել ծեծկռտուքին։ Հավանաբար սա է եղել պատճառը, որ փոխխոսնակը որոշել է ավելացնել անվտանգության աշխատակիցների քանակը։

Տեղեկությունների մասին մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեցինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց․«Ես ինչպես և բոլոր ԱԺ թխնախագահները ունեմ ծառայողական մեքենա։ Ինչ վերաբերվում է անվտանգության աշխատակցին, ապա ես անվտանգության աշխատակից չեմ ունեցել և չունեմ ։ Մեկ ամիս առաջ տեղի ունեցած ձեր նշած դեպքից հետո և հաշվի առնելով անվանական սպառնալիքները, որի վերաբերյալ կա նաև քրեական գործ, ինձ հաճախ ուղեկցում է ոստիկանության մեկ աշխատակից»,-ասաց Սիմոնյանը և պնդեց, որ ինքը երբեք խոստում չի տվել, որ ծառայողական մեքենայից չի օգտվի։