Ադրբեջանը հակահայ բանաձև է ներառել ԵԱՀԿ Խորհր...

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր «Արմնյուզ» հեռուստաալիքի «Հայացք Երևանից․ Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ամառային նստաշրջանին քվեարկության է դրվելու հակահայկական բանաձև, որում առկա են ձևակերպումներ «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ։

Փաստացի, Ադրբեջանը ԵԽԽՎ-ից իր կոռուպցիոն սխեմաները տեղափոխել է ԵԱՀԿ ԽՎ, և հիմա էլ այստեղ է պատգամավորներին կաշառելով իր շահերից բխող բանաձևեր առաջ մղում։ Սակայն խնդիրը, իրականում, ավելի լուրջ է։

Եթե ԵԱՀԿ ԽՎ-ն, որպես ԵԱՀԿ-ի (Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդ կազմակերպության) խորհրդարանական մարմնի կողմից նման բանաձև ընդունվի, սա կդառնա ԵԱՀԿ երկրների պատվիրակների դիրքորոշման արտահայտում հարցի վերաբերյալ՝ թեկուզ և պարտադիր ուժ չունեցող։ Եվ հետևաբար, սա էլ ավելի կբացի Ադրբեջանի ձեռքերը՝ իր ուզածն անելու, այսպես ասած՝ «միջազգային հանրության պահանջը» կյանքի կոչելու համար։

Հ․Գ․ Որպես ԵԱՀԿ-ի Արցախյան հակամարտության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրած մարդ, կարող եմ փաստել, որ նման միակողմանի և կոշտ ձևակերպումներ երբևէ այս կառույցի հրապարակային փաստաթղթերում չեն եղել։ Մնում է հուսալ, որ այս անգամ էլ կհաջողվի դրանք հանել փաստաթղթից», - գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը։