Ադրբեջանում քաղաքական խորը փոփոխություններ հն...

Անցնող օրերը բավական անհանգիստ էին Ադրբեջանի համար։ Բողոքի իրար հաջորդող ցույցեր, տարբեր ակցիաներ, որոնք թեեւ չափազանց կոշտ կերպով ճնշվեցին իշխանությունների կողմից, սակայն ցույց տվեցին, որ բարեկեցության կամ համերաշխության այն միֆը, որը ամեն կերպ փորձում է Բաքուն փաթաթել աշխարհի վզին՝ կազմակերպելով տարատեսակ միջազգային փառատոններ ու միջոցառումներ, այլեւս սկսել են չգործել ու ճաքեր տալ։

Իհարկե, չի կարելի ասել, թե այդ շարժումները ուր որ է կծավալվեն այն աստիճան, որ կբերեն Ադրբեջանում քաղաքական խորը փոփոխությունների կամ նույնիսկ իշխանափոխության։ Նման կանխատեսումները դեռ չափազանց խակ են, քանի որ նա իշխող կլանը բավական ամուր նստած է իր տեղում եւ դեռ կարողանում է հստակորեն վերահսկել իրադրությունը՝ ունեցած լծակներն ու ռեսուրսները օգտագործելով եւ ներքին ճակատում եւ արտաքին։ Ադրբեջանի ներքին կյանքը երբեք չենք կարող համեմատել Հայաստանի ներքին կյանքի հետ։

Ադրբեջանում պարզապես չկա ընդդիմություն, չկա ընդդիմադիր մամուլ, ազատությունները ձեւական են, դրանց դրսեւորումները՝ շատ դեպքերում՝ բեմականացված։ Իհարկե, այս ամենը Արեւմուտքը տեսնում է ու փորձում է ինչ ինչ լծակներ օգտագործել ու այդ պրեսինգը մեղմացնել, սակայն ադրբեջանական նավթն ու գազը, Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը շատ հաճախ ամեն ինչ վերածում է շարքային առեւտրային գործարքի մակարդակի խոսակցությունների ու գործողությունների։ Դրական է թերեւս այն, որ ամեն պարագայում, թեկուզ եւ վախվորած, սակայն հասարակության ամենաստորին շերտերում ինչ-ինչ խմորումներ սկսվել են, որոնց նպաստում է հատկապես այդ երկրում սոցիալ տնտեսական վիճակի վատացումը։

Մարդիկ սկսել են վատ ապրել, մանաթը կորցրել է իր արժեքի մի մասն ու էժանացել։ Ու այս ամենի ֆոնին նրանց համար անհասկանալի են այն տարատեսակ թանկարժեք միջոցառումները, որոնք կազմակերպվում են ու որոնց վրա միլիարդներ են վատնվում։ Սա հարցեր է առաջացնում, թեկուզ խոհանոցային խոսակցությունների մակարդակում։ Ու բնական է, որ այս ամենը եփվում է, ու դեռ եփվելու է ու ի վերջո սոցիալական, տնտեսական, ֆինանսական հարցերը ի վերջո բերելու են քաղաքական հարցերի բարձրացման։

Արդեն իսկ որոշակի փորձեր եղան այս տարի, երբ Բաքվում խոշոր առեւտրի կենտրոններից մեկում հրդեհի հետեւանքով անելանելի դրության մեջ մնացած առեւտրականները դուրս եկան փողոց ու մի պահ իրենց պահանջները սոցիալ-տնտեսականից վերածվեցին քաղաքականի։ Իշխանությունները այդ ժամանակ միանգամից փորձեցին ֆինանսական աջակցություններով լռեցնել դժգոհությունը։ Աշխարհն էլ արդեն հասկացել է, որ շարքային ադրբեջանցու համար հրդեհի կայծը հնարավոր կլինի տալ հենց սոցիալական ու տնտեսական դժոհությունների խաղաքարտը խաղարկելով։

Պակաս կարեւոր չէ նաեւ Ղարաբաղյան ֆակտորը։ Ու չնայած Ալիեւի վարչակարգը դա օգտագործում է իր դիրքերը ամուր պահելու համար, սակայն շատ շարքային ադրբեջանցիներ, որոնք նույնիսկ Ադրբեջանում չեն բնակվում պարզ հարցադրում են անում՝ ուր են գնում ռազմական միլիարդավոր ծախսերը, խոստումները՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» ինչու չեն կատարվում, երբ Արցախում մարդիկ լավ էլ ապրում են ու ծաղկում, եւ հազարապատիկ անգամ իրենցից գոհ են ու երջանիկ, նաեւ՝ ազատ։

Ի դեպ, հիշենք, որ Ադրբեջանը մոնոէթնիկ երկիր չէ, ու հատկապես Բաքվի դուրս՝ էթնոշրջաններում Արցախի փաստացի անկախությունը կարեւոր գրավական է անկախական տրամադրությունների սերմանման համար։