Ադրբեջանում մեկնարկել է իշխանության վերափոխմա...

Նախօրեին Ադրբեջանում իր աշխատանքն սկսեց նոր գումարման Միլլի Մեջլիսը՝ պառլամենտը։ Փետրվարի իննին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին, դրան հաջորդած հետընտրական ցնցումներից հետո, որոնք այնպիսի արագությամբ, որ սկսվել էին, նույնպիսի արագությամբ էլ ավարտվեցին, երեկվանից արդեն սկսել է գործել նոր պառլամենտը, այն էլ անակնկալով։ Իհարկե, եվրոպական երկրների համար դա անակնկալ համարել չի կարելի, սակայն արեւելյան տիպի բռնապետություն հիշեցնող մուսուլմանական երկրի համար, ինչպիսին Ադրբեջանն է այն իրոք անակնկալ էր։

Իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը պառլամենտի նախագահի պաշտոնի համար առաջադրեց կին պատգամավոր, Բաքվի սլավոնական համալսարանի դասախոս, գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռուսական եւ ամերիկյան գրականությունների մասնագետ Սաբիհա Գաֆարովայի թեկնածությունը։ Վերջինս ընտրվեց եւ պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանն ունեցավ կին պառլամենտի նախագահ։

Ինչ խոսք, պետք է խոստովանել, որ Իլհամ Ալիեւը չափազանց լավ հաշվարկված «քայլ ձիով» արեց, ցույց տալու համար, որ իր երկիրը քաղաքակիրթ երկիր է։ Այսօր արդեն Ադրբեջանում սկսվել են հակակոռուպցիոն ձերբակալություններ պետական մաքսային ծառայությունում, իսկ Իլհամ Ալիեւն էլ հայտարարել է, որ նախկինում իրենից թաքցրել են խնդիրների մասին նամակներն ու որոշումները, եւ հիմա ինքը արդեն տեղեկանում է ամբողջապես ժողովրդի ունեցած դարդ ու ցավին։ Ասել է, թե Ալիեւը փորձում է իշխանության վերափոխման պիեսի հաջորդ արարը խաղալ, այս անգամ էլ ձախողումները բարդելով նախկին աշխատակազմի կամ նախկին կառավարության վրա։