Ադրբեջանում կանխատեսվում է տնտեսական վիճակի վ...

Ադրբեջանի տնտեսության մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ ներքին արտադրությունը բավական ցածր մակարդակի վրա է։ Բացի այդ, այս տարի տուրիստական ոլորտը, որը համարվում է առաջատար ոլորտներից մեկը, այս տարի լրջորեն կտուժի, քանի որ ոչ ոք ի զորու չէ երաշխավորել, թե երբ մարդիկ կգան հանգստանալու, առանց վախենալու պանդեմիայից եւ առհասարակ, երբ երկիրն իր դռները կբացի տուրիստների առաջ։

Բացի այդ, շեշտակի նվազել են նաեւ օտարերկրյա ներդրումները։ Ներդրումների մասով ամեն բան պարզ է․ Ադրբեջանն իր ներկայիս վիճակով չի կարող լինել գրավիչ ներդրողների համար։ Ամենակարեւոր նեգատիվ գործոնն այն է, որ բնակչությունը պարզապես խեղդվում է վարկերի բեռան տակ։ Թե ինչ կարող էլինել Ադրբեջանում վարկային բեռի նման ծավալի դեպքում երկու կամ երեք տարի անց, դժվար է ասել, կամ պատրաստ կլինեն իշխանություններն արդյոք ընդունել հետ իրենց այն քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի էին մեկնել Ռուսաստան եւ այնտեղ տնտեսական դժվարությունների պատճառով ստիպված են հետ վերադառնալ։ Կամ եթե նման քայլի պատրաստ է, ապա ինչ կլինի, եթե նման զանգվածային ներհոսք սկսվի։

Չէ որ իշխանություններն իրենք քաջալերում են, որպեսզի երիտասարդությունը, որը ամենից դժվար վերահսկելի եւ հեղափոխական տրամադրված շերտն է հասարակության, հեռանա երկրից։ Նման պայմաններում երկիրն ապակայունացնելը բավականին հեշտ կլինի։ Եթե ականջալուր լիենք որոշ ադրբեջանցի ընդդիմադիր փորձագետների կարծիքներին, ապա ապակայունացման հիմքերը հենց Ալիեւյան վարչակարգն է դրել իր հանրային եւ ազգամիջյան պառակտիչ քաղաքականությամբ։ Չպետք է մոռանալ նաեւ Ղարաբաղյան հակամարտության առկայությունը։

Պատահական չէ, որ Chevron ամերիկյան նավթագազային կորպորացիան վաճառեց իր ակտիվներն ու հեռացավ Ադրբեջանից։ ExxonMobil-ը նույնպես աստիճանաբար պատրաստվում է հեռանալ։ Chevron-ն ի դեպ, խորհրդանշում էր Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքական եւ այլ ներկայությունը եւ այս հսկայի հեռանալը Ադրբեջանից, պայմանավորված է ոչ այնքան էներգետիկ շուկայի փոփոխություններով, որքան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում սպասվելիք աշխարհաքաղաքական փոփոխություններով, եւ սա հզոր ազդակ է, որ պետք է Բաքուն փոփոխություններ կատարի իր աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական ուղղություններում, եթե ցանկանում է մնալ «ջրի վրա»։