Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը կարծես...

Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին Politik.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: 

-Պարոն Դանիելյան, հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ, ի վերջո, բանակցությունների երկկողմ ձևաչափը չփոխվեց, բայց, Ձեր կարծիքով, հանդիպումը հիմք հանդիսացա՞վ հետագայում բանակցություններում Արցախի ներգրավմանն ուղղված քայլերի կոնկրետացման համար:

Արցախի խնդրով տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեր գնահատականներում պետք է մաքսիմալ օբյեկտիվ լինենք, քանի որ դա համազգային նշանակություն ունեցող հարց է, և հաղթանակներն ու պարտությունները համընդհանուր են՝ անկախ ներքաղաքական հանգամանքներից։ Իմ տեսակետից հանդիպման իմաստը այլ էր և կապ չուներ այս փուլում Արցախը բանակցություններում ներգրավելու հետ։ Ադրբեջանի հանրությանը տարիներ ի վեր ներշնչել են, որ ռազմական առումով իրենք հզորանում են, և եթե Հայաստանն առանց որևէ նախապայմանի զիջումների չգնա, ապա պատերազմով հարցերը կլուծվեն։ Հիմա Հայաստանի նոր ղեկավարությունն ասում է, որ նման բան չի լինելու, ավելին, Պնախարարը հայտարարել է, որ պատերազմի դեպքում մենք նոր տարածքներ կգրավենք․ այսինքն՝ դրանով փոխվում է Հայաստանի ռազմական դոկտրինան։ Այս վիճակն անելանելի դրության մեջ է դրել Ալիևին. կամ պետք է պատերազմ սկսի, կամ բոլորը կտեսնեն, որ տարիներ իրականացվող ամբողջ պետական պրոպագանդան տապալվել է։ Այս իրավիճակում նա փորձում է այդ հանդիպումը որպես դիվանագիտական հաղթանակ ներկայացնել, թե տեսեք՝ Հայաստանը բանակցում է առանց Արցախի, ուրեմն իրենք դիվանագիտական հաղթանակ են տարել։ Պարզունակ մոտեցում է, սակայն այլ ելք նա չունի։ Ինչ վերաբերում է Արցախի մասնակցությանը, ապա ցանկացած պահի Հայաստանը կարող է ասել, որ մանդատ չունի Արցախի անունից այս կամ այն հարցը քննարկել, որին Ադրբեջանը պատասխան չի ունենա։

-Ըստ Մինսկի խմբի համանախահագների հայտարարության՝ առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները, բայց մինչ հանդիպման օրը սահմանին լարվածություն կար, ինչը որոշ քաղաքագետներ պայմանավորում էին այն համոզմունքով, որ այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս, թե բանակցային սեղանին զիջող դիրք չի ունենալու: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված լարվածությունը:

Նման լարվածություն միշտ էլ եղել է, դա ոչինչ չի նշանակում։ Սահմանային լարվածություններով խնդիր չի լուծվում։ Ավելին՝ եթե առաջ Ադրբեջանը անզիջում դիրքերով էր հանդես գալիս, ապա այժմ բողոքներով է հանդես գալին։ Նախ դատապարտեցին Հայաստանի Պնախարարի հայտարարությունը, դրանից առաջ բողոքում էին բանակցություններում Արցախի ներգրավման պահանջի առիթով։ Ռազմատենչ հռետորաբանությունը կարծես թե իր տեղը զիջում է բանակցություններին մասնակցելու պատրաստակամությանը։

-Խոսվել է նաև հումանիտար ոլորտում մի շարք քայլեր կատարելու մասին: Ինչպիսի՞ քայլերի մասին է խոսքը: 

Որքան հիշում եմ, խոսքը գերիների և շփման գծի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության մասին էր։ Ես այդքանն եմ հիշում, գուցե այլ հարցեր էլ են քննարկվել։

Մարիամ Սարգսյան