Ադրբեջանի ներքաղաքական լարված իրավիճակը կարող...

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը Շուշիում արդեն քանի օր է հանգիստ չի տալիս ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Նախ ցույցեր են տեղի ունենում, պահանջելով պատերազմ Ղարաբաղում, ապա Իլհամ Ալիեւն է ռազմատենչ հայտարարություններով հանդես գալիս, իսկ հետո էլ Ադրբեջանի ռազմական վերնախավն է ազդակներ ուղարկում, որ իրենք դեմ են բանակցություններին, հատկապես, որ ադրբեջանական պառլամենտում բավական սուր քննադատության է ենթարկվել բանակը այն բանի համար, որ թույլ են տվել Շուշիում Արայիկ Հարությունյանի երդմնակալության անցկացումը։

Թե ինչքանով է այս ամենը սցենարավորված, դժվար է ասել, հատկապես, որ անհասկանալի է, թե ինչու է Ալիեւը ձերբակալել Ղարաբաղում պատերազմ ցանկացող ցուցարարներին, սակայն կա տպավորություն, որ երկրի երկու վերնախավերի, ռազմական եւ քաղաքական էլիտաների միջեւ կա առճակատում խաղաղ բանակցությունների եւ պատերազմի վերսկսման ընտրության հարցում, ինչը կարող է լինել բավական վտանգավոր, ու բերել հակամարտության թեժացման։

Երեւանը եւ Ստեփանակերտը կարող է միայն բարձր մարտական պատրաստականությամբ պատասխանել հնարավոր ռազմական արկածախնդրությանը, թեեւ չի բացառվում, որ կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում, լարված ներքին սոցիալ-տնտեսական իրադրությունում պարզապես Բաքուն հերթական մանեւրն է անում, ուժի ցուցադրության երանգներով։