Ադրբեջանի «խաղաղասեր» ժողովուրդը «պատասխանեց»...

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ վերջինիս տեղեկացման․ «Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»։

Հայաստանի հասարակության համար անցյալ շաբաթավերջը մի տեսակ անհասկանալի էր, պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում՝ Հայաստանի եւ Արցախի ԱԽ-ների համատեղ նիստում արած հայտարարությունների, եւ հատկապես այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի ժողովուրդը նույնքան խաղաղասեր է, որքան Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը։ Այս հայտարարությունից, կարելի է ասել, 48 ժամ էլ չանցավ, ու ահա Բաքվից պատասխանում են Նիկոլ Փաշինյանին․ իսկ գինը մեր վիրավորում ստացած զինվորն է։

Անհասկանալի է մեկ բան, Նիկոլ Փաշինյանը հասկանում է ինչ է ասում, որտեղ է ասում եւ ինչ պայմաններում, թե պարզապես ասում է՝ ասած լինելու, ընդ որում՝ տարբերված լինելու համար ընդհանուրից։ Ինչպես կարող է Ադրբեջանի ժողովուրդը լինել խաղաղասեր, եթե այդ ժողովուրդը երեսուն տարի, մեկ սերունդ, դասիարակվել է տոտալ հայատյացության պայմաններում, եթե այդ ժողովրդի ներկայացուցչի համար նեգատիվն ասոցացվում է հայի եւ Հայաստանի հետ, երբ հայատյացությունը դպրոցական նստարանից քարոզվում է որպես պետական քաղաքականություն։

Ինչի վրա է հույս դրել Փաշինյանը․ ժողովուրդներին խաղաղության նախապատրասելու։ Դա տասնամյակների հարց է, եթե ոչ հարյուրամյակի։ Չի կարող նման պոպուլիստական հայտարարություններին տուրք տալ ու հավատալ դրանց, երբ ասածդ խոսքից հաշված ժամեր անց քեզ ապացուցում են կոշտ ձեւով հակառակը։

Եթե Ադրբեջանի ժողովուրդն այդքան խաղաղասեր է, ապա Փաշինյանն իր ընտանիքի հետ որպես շարքային քաղաքացի պատրաստ է օրինակ ապրել այնտեղ, ու վայելել այդ խաղաղասիրության պտուղները։ Եթե ոչ, ապա ինչու է անում հայտարարություններ, որոնց գինը վճարելու են սերունդները, եթե բանականությունն ու ողջամտությունն այնուհանդերձ պարտվի Հայաստանում ու Արցախում: