Ադրբեջանամետ տրամադրությունները ուժգնանում են...

Վերջին շաբաթներին բավական հետաքրքիր ու դրամատիկ զարգացումներ են տեղի ունենում հայ-ուկրաինական եւ հայ-ղազախական հարաբերություններում։ Մինչ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի դեպքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփվելու «մաստեր կլաս» է անցկացնում, իսկ մյուս դեպքում սելֆի անում Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հանդես է գալիս իր քաղաքացիներին ուղղված հորդորով, նախազգուշացնելով, որ Հարավային Կովկասում ճամփորդելիս, Աբխազիա, Հարավային Օսեթիա եւ Լեռնային Ղարաբաղ այցելության դեպքում առաջնորդվել համապատասխանաբար Վրաստանի եւ Ադրբեջանի օրենսդրություններով եւ ապա հավելում, որ այդ նախազգուշացումը բխում է ուկրաինական պետության՝ իր քաղաքացիներին պաշտպանելու եւ անհարկի իրավական գործընթացներից զերծ պահելու ցանկությամբ կամ մտադրությամբ։

Ղազախստանից էլ Բաքվում տեղի ունեցած գրական փառատոնին մասնակցելու գնացած ղազախ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գրող Օլժաս Սուլեյմանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ միայն Հայաստանում են Ղարաբաղը համարում Հայաստան, եւ աշխարհում ոչ մի տեղ նման կերպ չեն մտածում ու շատ կարեւոր է, որ ՄԱԿ-ը չի ճանաչում Ղարաբաղը։

Ու եթե Ուկրաինայի դեպքում հայկական ԱԳ նախարարությունից ինչ որ արձագանք եղավ, ապա Օլժաս Սուլեյմանովի հայտարարության դեպքում, ով ի դեպ մշտապես զբաղված է ադրբեջանական շահերի լոբբինգով, թեկուզ եւ Նուր-Սուլթանում գտնվող հայկական դիվանագիտական առաքելության մակարդակով, որեւէ մեկը հարկ չհամարեց հակադարձել, թեկուզ եւ ասելու համար, որ նման հայտարարությունները կարող են վնասել բանակցային գործընթացին։

Երկու դեպքում էլ իրականությունը, մեղմ ասած, բավական տխուր է։ Մի դեպքում՝ Ուկրաինան է, ակնհայտորեն Արեւմտյան ուղղություն որդեգրած, մյուսում՝ դաշնակից Ղազախստանը ներկայացնող ազդեցիկ գործիչը, թեեւ մեծ հաշվով, Ղազախստանը միշտ էլ աչքի է ընկել ադրբեջանամետ կեցվածքով․ հիշենք թեկուզ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարություններն ու գործողությունները։

Ամեն դեպքում եթե Ուկրաինայի հարցում հասկանալի է, որ նման մոտեցում պետք է լինի, քանի որ Ղրիմի հարցում Հայաստանը առնվազն հանդես չի գալիս Կիեւի օգտին, ապա Ղազախստանի պարագայում, որը ներկայացված է այն բոլոր ռեգիոնալ ինտեգրացիոն միավորումներում, որտեղ նաեւ Հայաստանն է ներկայացված եւ այդ առումով, դաշնակից երկիր է, իրականությունը մեղմ ասած ի նպաստ Երեւանի չէ։ Ու ցավալին այն է, որ հետսովետական տարածքում ադրբեջանամետ տրամադրությունները սկսել են բավականին ուժգնանալ, այն դեպքում, երբ Երեւանում միայն զբաղված են ներքին քաղաքական օրակարգի խնդիրներով, մոռանալով արտաքին ճակատի մասին։