Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծություն...

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքի էր դիմել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: