ԱԱԾ-ում գիտեն, որ Վանեցյանի մասին ասվածը սուտ...

Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կասկած է արտահայտել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող էր այլ պետության հատուկ ծառայության գործակալ լինել․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն և վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը»,– Facebook–ի իր էջում գրել է Հակոբյանը:

Մենք փորձեցինք ԱԱԾ-ից տեղեկություններ ստանալ, թե ի՞նչ պատճառով է նախորդ տարի հրաժարական տվել Արթուր Վանեցյանը և արդյո՞ք ԱԱԾ նախկին պետը հանդիսացել է այլ պետության հատուկ ծառայության գործակալ։ ԱԱԾ պետի անունով ուղարկված մեր գրավոր հարցումը օրենքի Տեղեկատվության ազատության մասին օրենքի խախտմամբ անպատասխան է մնացել։ 

Փորձեցինք ԱԱԾ մեր աղբյուրներով ճշտել, որոշակի մանրամասներ, թե ինչու՞ պատասխան չի տրվել մեր գրավոր հարցմանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ԱԱԾ-ում լավատեղյակ են, որ Հրաչյա հակոբյանի հարցը զուտ քարոզչական նպատակը է ունեցել, դրա տակ չկան փաստեր։ Չնայած այն հանգամանքին, որ ԱԱԾ-ում գիտեն, որ Հակոբյանը հարցի տեսքով զրպարտում է իրենց նախկին ղեկավարին, բայց ստիպված են կուլ տալ այս ստորացումը, քանի որ «վերևներին» դուր չի գա, եթե իրենք հերքեն պատգամավորին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ ԱԱԾ-ում զայրացած են այս ստորացմամբ և մի շարք առանցքային պաշտոնյաներ հայտնել են իրենց դժգոհությունը ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին։ Նրանք պնդել են, որ  հերքվի պատգամավորի հայտարարությունը, քանի որ խոսքը իրենց կառույցի հեղինակության մասին է, սակայն կառույցի հնաբնակների ձայնը այդպես էլ լսելի չի դարձել։