ԱԱԾ պայքար՝ մանիպուլյացիայի դեմ. արձագանքներ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց.«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»:

Ներկայացնում ենք հայտարությունից հետո հնչած կարծիքները: 

Իրավաբան ռուբեն Մելիքյանը գրում է.

«Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաները» ապօրինի են։ Իսկ ի՞նչ է նշանակում «մանիպուլյացիան»։

Օրինակ՝ այս գրառումը «մանիպուլյացիա՞» է։ Իսկ «մանիպուլյացիաների» դեմ պայքարելու՝ Վարչապետի հանձնարարականը՞։ Օրինակ իմ կարծիքով՝ «մանիպուլյացիա» է Վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը։ Այս պնդումից հետո իմ գրառումը հատե՞ց «մանիպուլյացիայի» շեմը։

Ու հետո էլ զարմանում են, թե ինչու՞ իրենց «ժողովրդավարությունը» դրսերում հոտնկայս ծափողջյունների չեն արժանացնում։ Գուցե հասկանու՞մ են ինչն ինչոց է»։

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը գրում է.

«Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել հեղափոխական ֆեյքերով (բայց իրականում պետք է, որ լիներ հակահեղափոխական ֆեյքեր, զարմանալի չէ, քանի որ վերջին շրջանում Փաշինյանը անվստահության մեսիջներ է ուղարկում իր թիմակիցներին)՝ համարելով դրանց գոյությունը ազգային անվտանգությանը լրջագույն վտանգ: Եթե չեմ սխալվում՝ ֆեյքերի գոյությունը, որպես այդպիսին, օրենքով արգելված չէ: Եթե հարցը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից, ապա կան իրական օգտատերեր, որոնց ամենօրյա գրառումները հակաազգային են ու հակապետական: 
Հարց է առաջանում՝ նմանատիպ մարդկանցով ո՞վ պետք է զբաղվի»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը գրում է.

«Բաց նամակ (օժանդակություն) ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել ֆեյսբուքյան ֆեյքերով, քանի որ «դրանք ազգային անվտանգության սպառնալիք են»: Արդեն երկար ժամանակ է մենք ևս զբաղված ենք այդ գործով` բացահայտում ենք կեղծ օգտահաշիվներին, որոնք համացանցում մանիպուլյատիվ գրառումներով պրոպագանդում են այս կամ այն քաղաքական ուժին, «ուտում են» վարչապետի սեռական օրգաններն ու այդպես շարունակ: Հիմա քանի որ արդեն ինքը Վարչապետն է հրապարակային հանձնարարում զբաղվել այդ ֆեյքերով ես պատրաստ եմ օժանդակել այդ հանրօգուտ գործին: 


Ուստի, պարոն Վանեցյան, սույն գրառուման մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ երկու տարբեր հրապարակումներ, որտեղ մշակված են ֆեյք օգտահաշիվների ցուցակներ (մեկում` 625, մյուսում` 116 օգտահաշիվներ), որոնց իսկությունը պարզելը բավականին մեծ օժանդակություն կլինի ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ դեմ պայքարում: Այսօրվա ընթացքում antifake.am կայքում կհրապարակենք նաև ավելի մանրամասն մշակած 142 կեղծ օգտահաշիվների ցուցակ: Հուսով եմ մեր կատարած աշխատանքը կօգնի Ձեզ հնարավորինս կարճ ժամկետներում և արդյունավետ իրականացնել վարչապետի հանձնարարականը:


Հ.Գ. Ի դեպ, պարոն Վանեցյան, ըստ օդում կախված լուրերի Վարչապետի ասած ֆեյքերի ֆաբրիկաները կառավարվում են Օրբելի փողոցում գտնվող հայտնի ՊՈԱԿ-ից, իսկ այդ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վերջերս անզգուշորեն բացահայտվեց «Մաեստրո» անունով կեղծ օգտահաշիվն օգտագործելիս: Հուսով եմ այդ ՊՈԱԿ-ում ևս համապատասխան ստուգումներ կիրականացնեք և վստահ եմ` կգտնեք վարչապետի մատնանշած կեղծ օգտահաշիվներն օգտագործողներին»: