Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 94թ.-ի հրադադարի պայմանագրից բացի, բանակցությունների սեղանին որևէ այլ փաստաթուղթ չկա. Շ. Քոչարյան

94թ.-ի հրադադարի պայմանագրից բացի, բանակցությունների սեղանին որևէ այլ փաստաթուղթ չկա. Շ. Քոչարյան

43934Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ 1994թ.-ի հրադադարի մասին պայմանագրի չեղարկման համար:
«Նման բան գոյություն չունի, որ ՄԱԿ-ը չեղարկի պայմանագիրը: Հակառակը: ՄԱԿ-ի անդամ պետությունը պարտավոր է հարգել միջազգային պարտավորությունը: Դա ընդամենը փորձ է ձերբազատվել միջազգային պարտավորությունից: Ադրբեջանին ձեռք չի տալիս 94թ.-ի հրադադարի պայմանագիրը, որովհետև այնտեղ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն առնվազն ընդունել է ԼՂ-ն որպես հակամարտության կողմ»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` Ադրբեջանը նամակ էր ուղարկել ՄԱԿ-ին՝ հրադադարի մասին պայմանագրի չեղարկման պահանջով:

Հարցին, թե հնարավոր է, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է ուզում դնել հրադադարի մասին նոր պայմանագիր, դրա համար է ուզում չեղարկել 94թ.-ի կնքվածը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Որևէ այլ պայմանագիր չկա: Ադրբեջանը հղում է անում բանավոր պայմանավորվածության վրա, բայց դա պայմանագիր չէ (նկատի ունի Մոսկվայում քառօրյա պատերազմից հետո հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը- խմբ.): Դա ընդամենը պայմանավորվածություն էր կապված նրա հետ, որ վերականգնվի 94թ.-ի խախտված ու կրակի դադարեցման մասին ռեժիմը»:

Անդրադառնալով Մոսկվայում ձեռք բերված այդ բանավոր համաձայնությանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած պաշտոնական այցից հետո հայկական ու ռուսական մամուլում չդադարող մեկնաբանություններին, որ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր հետ առաջարկների փաթեթ է բերել, որոնք առանձին են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից, ՀՀ ԱԳ փոխնախարարը հավաստիացրեց, որ Լավրովն իր հետ որևէ նոր առաջարկ չէր բերել:

Իսկ կարծիքներին, որ Ռուսաստանն իր ակտիվությամբ փորձում է Մինսկի խմբի աշխատանքը ստվերել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց այսպես. «Այո, 94թ.-ի պայմանագիրը հրադադարի մասին կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ: Սա բնական է, քանի որ Ռուսաստանն այս տարածաշրջանը միշտ ընկալում է որպես իր ազդեցության գոտի: Այնպես որ այդ տեսանկյունից միշտ էլ այդ դերը եղել է: Իսկ պնդումը, որ նոր փաստաթղթեր է բերել, ներողություն, չի համապատասխանում իրականությանը: Նույնիսկ Լավրովի մամուլի խոսնակն է դա ասել նրա այցից առաջ ու ես չեմ հասկանում՝ ո՞ւմ կողմից է դա գալիս, այդ հետևողական…»:

Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, թե այս հարցում ամեն ինչ շատ պարզ է ու պետք չէ «մութ սենյակում սև կատու փնտրել, երբ կատուն չկա»:

Դիտվել է 45 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy