90 մլն դոլարի գործով ԱԱԾ-ն գործ կհարուցի՞ Ցոլակյանի դեմ

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հերթական բացահայտումն  արեց, այս անգամ` 2001-2008 թվականներին Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու համար: Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն չի հստակեցնում՝ արդյո՞ք այս գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրված է, թե՞՝ ոչ:

ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը` ծախսված միլիոնավոր դոլարները ներկայացնելով իբրև Հայաստանում օտարերկրյա ներդրում:

Հետագայում Հայաստանում ևս երկու «Գոլդեն Փելես» հյուրանոց է կառուցվել: Ըստ ԱԱԾ-ի՝ օրենքի խախտումներով կառուցված երեք «Գոլդեն Փելես» հյուրանոցները միասին 2016-ին գնահատվել են մոտ 90 մլն դոլար։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ԱԱԾ արդեն զբաղվում է միջին կարգի լրագրողական հետաքննությամբ և դեռ չհաստատված փաստերի հիման վրա ռեպորտաժ է պատրաստում, անդրադառնանք մեկ այլ կարևոր հարցի։ Վստահելով հայրենի ԱԱԾ-ին և հավատալով այն «փաստին», որ խարդախ ճանապարհով 90 մլն դոլար է ներդրվել Հայաստանում, մեզ մոտ հարց է առաջանում՝ իսկ ովքեր էին այն անձինք, ովքեր պետք է բացահայտեին այս խարդախությունը։

ԱԱԾ տեսանյութում խոսվում է այն մասին, որ անօրինական ճանապարհով Հայաստան մտած փողը այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում էր որպես օտարերկրյա ներդրում։

Նախ սկսենք նրանից, որ ԱԱԾ տեսանյութում հիշատակված հյուրանոցի շինարարաության նախապատրաստական աշխատանքները սկսել են 2001 թվականից։ Ու եթե այդտեղ կային անօրինական դրամական միջոցներ, ապա այդ տեղեկատվության հասանելիությունը նախագահի համար պետք է ապահովեր նախագահի վերահսկողական ծառայությունը։ Իսկ նախագահի վերահսկողական ծառայության պետը մինչև 2003 թվականը եղել է «հեղափոխական» ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը, որն այժմ նախարար է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում։ Ցոլակյանը 2003 թվականից ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետն է եղել և եթե ԱԱԾ պետի նշած հյուրանոցի կառուցում եղել է օֆշորային կազմակերպության միջոցով, ապա եղել է նաև հարկերից խուսափում ու հենց Ցոլակյանի կառույցը պետք է զբաղվեր թաքցված հարկերով։

Ու այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ է անելու ԱԱԾ-ն այս մասով։ Ակնհայտ է, որ եթե եղել է անօրինական ֆինանսների շրջանառություն, որը նախագահը ներկայացրել է որպես ներդրումներ, ապա չէր կարող այդ ամենի մասին առնվազն տեղեկացված չլինել նախագահի վերահսկողական ծառայության պետը, իսկ հետագայում՝ հարկային պետական ծառայության պետը։ Ֆելիքս Ցոլակյանը նույն Քոչարյանի ռեժիմի տարիներին հասցրել է զբաղեցնել նաև  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ու հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն գործ կհարուցի՞ Ֆելիքս Ցոլակյանի դեմ, թե նրա մեղքերն արդեն ներվել են, քանի որ նա արդեն աջակցում է Փաշինյանի կառավարությանը։

Այս թեմայով