Հայաստանին Ռուսաստանի «սիրուհի» համարող մեդիա հոլդինգի ղեկավարությունը բարձր մակարդակի ընդունելության արժանացավ

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին:

Նշվում է, որ հանդիպման նպատակը եղել է Հանրային հեռուստառադիոընկերության հետ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության մտադրությունների մասին հայտնելը, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում, որն ուղղված  է լինելու հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը՝ ներկայացնելով երկու ժողովուրդների համատեղ ձեռքբերումները, անցած ուղին և ընդհանուր արժեքները:

 Հատկանշական է, որ նման համագործակցության հայտ է ներկայացնում այն մեդիա հոլդինգը. որի ենթակայության տակ գործող ռուսական НТВ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» թոք-շոուի ժամանակ ՝ խայտառակ հեռուստահաղորդում ցուցադրվեց, որում բանախոսները, հեռուսահաղորդավարները Հայաստանին դիտարկում էին, որպես իրենց սիրուհի , ով դավաճանել է իրենց, ստորագրելով ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը:

 Ստացվում է, որ ընդհամենը մի քանի օր առաջ, Հայաստանին դավաճան կին, սիրուհի անվանող հաղորդում հեռարձակող մեդիա հոլդինգը փորձում է   հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդման վերաբերյալ համատեղ ֆիլմարտադրություն ծավալել, իսկ նախագահը, կարծես թե մոռանալով օրերս հեռարձակված թոք-շոուի բնույթը, շտապում է պաշտոնական մակարդակով հանդիպում ունենալ այդօրինակ մեդիա հոլդինգի ղեկավարության հետ:

 

 


Այս թեմայով