2 ամսով կալանավորված Երևանի մանկան տան արդեն նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի շինծու հիմքով քրեական հետապնդումն օրօրի հետևողականորեն վերաճում է դաժան վերաբերմունքի և խոշտանգման: Հունվարի 29-ին վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, բավարարելով դատախազության միջնորդությունը, վերացրեց գրավի կիրառումը և 63 ամյա անբասիր ծառայողին բանտ նետեց` չսպասելով նախաքննության ավարտին ու այս գործով դատարանի դատավճռին: Օրերս էլ քննիչի որոշմամբ արգելք է դրվել նրա` հարազատների հետ տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ շփումների վրա:
Խիստ հատկանշական է, որ Վերաքննիչ դատարանի նշված որոշումից հետո քննիչն ու դատախազը խնդրել են Լիանա Կարապետյանին` պատմել, թե ովքե՞ր և ի՞նչ կերպ են կատարել «ապօրինի որդեգրումները» և անհրաժեշտ ցուցմունքի դիմաց վերևների անունից խոստացել կալանավորումից անհապաղ ազատել նրան:
Վստահելի աղբյուրը հայտնում է, որ Լիանա Կարապետյանի մերժումը եղել է աներկբա և խնդրատուների համար վիրավորական: Աղբյուրը նաև հայտնում է, ըստ ամենայնի գաղտնալսել են մոր և որդու տեսակցությունը, որի ընթացքում մայրը վրդովված ասել է, որ քննիչի հարցաքննություններին այլևս չի մասնակցելու, կնստի` որքան պետք լինի, բանտից դուրս գալուց հենց բանտի դարպասների մոտ կարևոր հայտարարություններ է անելու լրատվամիջոցների համար, առհասարակ գնալու է մինչև վերջ, մինչ արդարացում և իր ոտնահարված պատվի ու արժանապատվության վերականգնում: Քննիչը, բնականաբար, դրանից հասկացել է, որ Լ.Կարապետյանի կամքը կոտրելու համար պետք է նրա նկատմամբ բիրտ ճնշումը մեծացնել:
Չի բացառվում, որ որդեգրման կարգի ենթադրյալ խախտման գործով անցնողներից ամենախախուտ մեղադրանքով անցնող Երևանի մանկան տան տնօրենի նկատմամբ նման խստություններն արվում են ուժի ցուցադրման նպատակով, որպեսզի ներգործեն սույն գործով անցնող մյուս մեղադրյալների (Ռազմիկ Աբրահամյանի, Արշակ Ջերեջյանի և ևս երկուսի) նշանակված դատավարությունների ելքի վրա, և բոլորին տեղափոխեն կալանավայր:
Այլ կերպ անհնար է` Նիկոլ Փաշինյանը, խախտելով անմեղության կանխավարկածի իրավունքը, դեռ չապացուցված դեպքն անվանել է «Հայաստանի պատմության ամոթալի էջ» և Կապանում էլ հունվարի 25-ին թվարկած իր 100 հաջողությունների շարքում հավաստել, որ հանցագործությունը բացահայտված է: Նախաքննության մարմինն էլ ձեռքերը ծալած չի նստել և արդեն երկար ժամանակ (դեռևս ապարդյուն) փնտրում է Լիանա Կարապետյանին ամբաստանելու ունակ նոր անձանց: