62-ամյա կինն ինքնակամ հեռացել է դեպքի վայրից, հետո ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

ss2_640x420Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունից հետո տուժածներից մեկը՝ 62-ամյա Արեգնազ Սարգսի Ղալեչյանը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:

«Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած եւս մեկ քաղաքացի: Ըստ նախնական տվյալների` 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում»,- նշել է Հայթայանը:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կան 2 զոհ, որոնց ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով