56-ամյա Արմավիրի բնակիչը ցանկացել է պայթեցնել...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Ա․-ն և հայտնել, որ ինքը պատրաստվում է Երևանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը և ժամանել են վերջինիս տուն։ Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։