500 կիլոգրամ ոսկի չի կորել

Վերջին շրջանում Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ, իրենց հրապարակումներում անդրադարձել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»ՍՊԸ գործունեությանը, մասնավորապես, ընդերքի պետական տեսչության կողմից Սոթքի հանքում իրականացրած ստուգման փաստին։ Ընկերությունը հարկ է համարում հասարակայնությանը տեղեկացնել, որ լրատվամիջոցների կողմից շահարկվող տեղեկատվությունը այն մասին, որ իբրև թե ընկերությունը թաքցրել է արդյունահանված հանքանյութի մի մասը, պարզապես չի համապատասխանում իրականությանը, նման փաստերի բացակայությունը հիմնավորվել է նաև ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշմամբ և անկախ փորձագետների կողմից տրամադրված եզրակացությամբ։

Ընդերքի պետական տեսչությունը Սոթքի հանքում ստուգում է իրականացրել 2016 թվականին, ինչի արդյունքում կազմվել է ակտ։ Ինքնին ակտը չի պարունակում որևէ տեղեկատվություն 500 կիլոգրամ ոսկու անհետացման կամ դրա թաքցնելու վերաբերյալ, ինչպես դա ներկայացվում է լրատվամիջոցների կողմից։ Ակտում նշված է, որ ընկերությունը իր հաշվարկներն իրականացնելիս կիրառել է «չընդունված» մեթոդ, ինչը, իր հերթին բերել է հաշվարկային ցուցանիշների տարբերությանը։

Հարկ է նշել, որ տեսչության կողմից կազմված ակտում նշված 552․9 կիլոգրամ ոսկին հանդիսանում է հաշվարկների մեթոդների տարբերության հետևանքով առաջացած հաշվարկային մեծություն, հետևաբար, մենք գործ ունենք ոչ թե նյութական մետաղի, այլ երկրաբանների տեսական հաշվարկների ու մոտեցումների արդյունքների հետ։ Այսինքն խոսել 552․9 կիլոգրամ ոսկու անհետացման մասին, որը տեսական հաշվարկների անհամապատասխանության արդյունք է, անտեղին է և չհիմնավորված։ Նշված հաշվարկներն իրականացնելիս ընդերքի պետական տեսչությունը և ընկերությունը տարբեր մեթոդներ են կիրառել, քանի որ ՀՀ օրենսդրական ակտերում, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրում որևէ կերպ նշված չէ ընկերության պարտավորությունը հաշվարկներ իրականացնելիս կիրառել այս կամ այն մեթոդը, համապատասխանաբար յուրաքանչյուրը կարող էր ընտրել իր համար առավել ընդունելի հաշվարկի մեթոդ։

Հաշվի առնելով, որ ակտը կազմված էր բազմաթիվ թերություններով և ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, ընկերությունը բողոքարկեց այն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին։ Լսումների ընթացքում ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է մի շարք փաստեր և հիմնավորումներ, որոնք ապացուցում էին, որ ինչպես ակտը, այնպես էլ ակտում նշված տեղեկությունները/հաշվարկները կատարված են բազմաթիվ թերություններով և ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Չնայած այդ հանգամանքին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մերժել է ընկերության բողոքը։

Իր իրավուքները պաշտպանելու համար ընկերությունը ստիպված էր դիմել ՀՀ Վարչական դատարան։ 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Վարչական դատարանը ամբողջովին բավարարեց ընկերության հայցադիմումը։ Դատական պրոցեսի ողջ ընթացքում ընդերքի պետական տեսչությունը որևէ կերպ չկարողացավ դատարանին ներկայացնել ինչպես ակտի, այնպես էլ կատարված հաշվարկների հիմնավորվածությունը, մասնավորապես՝ թե ինչպես և ինչ հաշվարկների արդյունքում է ստացել նշված 552․9 կիլոգրամ ոսկու մարված պաշարների տարբերությունը և կազմված ակտի որ կետերով է այն ձևավորվել։ Ակտին, որպես դրա անբաժան մաս կցված չեն եղել տեսչության կողմից կատարված հաշվարկները, ուստի ընկերությունը փաստացի հնարավորություն չի ունեցել ծանոթանալ թե դրանց բովանդակության և թե վերջնական արդյունքների հետ։ Այսինքն, ստացվում է, որ ակտում նշված 552․9 կիլոգրամ ոսկու մարված պաշարների տարբերությունը իրենից ներկայացնում է ընդերքի պետական տեսչության կողմից կատարված անհայտ և չհիմնավորված հաշվարկների արդյունք, ինչի վերաբերյալ շատ հստակ և հիմնավորված դիրքորոշում է հայտնել դատարանը իր վճռում։

Հարկ է նշել, որ նախարարությունում տեղի ունեցած լսումների ընթացքում ընկերությունը հանդես է եկել առաջարկությամբ խնդրի լուծման համար իր հաշվին ներգրավել անկախ փորձագետների։ Փորձագետներին ներկայացվել են բոլոր այն տվյալները, որոնք ստուգման ընթացքում ներկայացված են եղել ընդերքի պետական տեսչությանը։ Փորձագետները կատարված ուսումնասիրությունների և հաշվարկների արդյուքնում ներկայացրել են իրենց եզրակացությունը, որը շատ մոտ էր ընկերության ստացած արդյուքների հետ։ Անկախ փորձագետների կողմից տրված եզրակացությունը, նախարարությունում կազմակերպված լսումների ընթացքում ընկերությունը տրամադրել է հանձաժողովի նախագահին։

Նշենք, որ ընկերությունը պատրաստ է նաև հրավիրել բարձր որակավորում ունեցող միջազգային անկախ փորձագետների ստուգման ժամանակահատվածի համար մարված պաշարների հաշվարկի փորձաքննություն անցկացնելու համար։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ ընկերությունը ինչպես ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պատշաճ կատարում է բոլոր պարտականությունները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ հասարակության հանդեպ իր բոլոր պարտավորությունները։ Ընկերությունը լրատվամիջոցներին խնդրում է ադեկվատ վերաբերվել տեղեկատվությանը, մասնավորապես չխեղաթյուրել իրավիճակի իրական պատկերը:

Հարգանքով,
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանի մամլո ծառայություն

 


Այս թեմայով