Home » ԺԱՄԱՆՑ » 33 տարի առաջ այս օրը հայ երիտասարդները փորձեցին գրավել թուրքական դեսպանատունը

33 տարի առաջ այս օրը հայ երիտասարդները փորձեցին գրավել թուրքական դեսպանատունը

8cfed311983 թ. հուլիսի 27-ին հայ հինգ երիտասարդները ժամանում են Պորտուգալիայում թուրքական դեսպանատան մոտ՝ երկու ամբողջովին պայթուցիկներով լցված մեքենաներով։ Երիտասարդները նախորոք ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը, գերեվարել թուրք դեսպանին՝ այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։ Սակայն հայ վրիժառուներին չի հաջողվում մտնել դեսպանատան շենք։ Շենք ներխուժելու փորձի ժամանակ սկսված փոխհրաձգության ժամանակ սպանվում է Սիմոն Յահնիյանը։

Ողջ մնացած 4 հայ երիտասարդները շտապում են դեսպանության շենքին հարակից դեսպանի նստավայր, ներխուժում շենք և գերեվարում շենքում գտնվող գործերի հավատարմատարի կնոջը և տղային։ Այն սենյակը, որտեղ պահվում էին գերիները, գրոհայինները շրջապատում են պայթուցիկներով։ Նրանք սպառնում էին պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը փորձի գրոհել այն։

Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։ Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում։ Ապա լսվում են պայթունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո պայթեցնում են իրենց։

Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց Հայ Հեղափոխական Բանակը (ՀՀԲ): ՀՀԲ-ի կողմից ստորագրված ԶԼՄ-ներին ուղարկված տպագիր հաղորդագրության մեջ ասվում էր.

«Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»։ Տղաները մարմինները ամփոփվեցին Բեյրութի հայկական գերեզմանատանը։

Դիտվել է 558 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy