Իմ հաշվին ցանկանում են հարստացնել մոնոպոլ ներ...

Politik.am-ի խմբագրություն դիմած քաղաքացի Վանիկ Ալեքսանյանը ներկայացնում է «Գազպրոմ Արմենիայի» հետ ծագած խնդիրը: Վանիկ Ալեքսանյանը գազի բաժանորդ է, և իր տանն ունի գազամիացման երկու կետ, մեկը՝ գազօջախ, մյուսը՝ վառարան: 1-2 տարի է, ինչ վառարանի փոխարեն շահագործում է ջրատաքացուցիչ: Գազատարի որևէ փոփոխություն չի կատարել, պարզապես ռետինե խողովակը մի փոքր փոխել է ուղղությունը: Սա նկատելով՝ գազի տեսուչը Ալեքսանյանին առաջարկել է դիմում գրել և պայմանագրում տառի փոփոխություն կատարել: Ալեքսանյանը դիմում է գրել ՝ վճարելով 2000 դրամ՝ նոր գծագիր կազմելու, իսկ հետո՝ 7000 դրամ՝ Հրշեջ ծառայությանը՝ առ այն, որ կետի փոփոխությունը համապատասխանում է հրդեհային անվտանգությանը: «Այսպես կոչված «պաժառնին» կամ հրշեջը ԱԻՆ-ից չէր, այլ ինչ-որ ՍՊԸ-ի ներկայացուցիչ, որի մի գրավոր եզրակացությունն ինձ վրա արժեցավ 7.000 դրամ, որը պահանջեց եւ ստացավ առձեռն՝ առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու»,-ներկայացնում է Ալեքսանյանը:

Ինժեները տառի փոփոխության փոխարեն Վանիկ Ալեքսանյանից պահանջել է ռետինե խողովակը փոխարինել մետաղականով, ինչի համար Ալեքսանյանը պետք է 1 մետրի համար վճարեր 6000-7000 դրամ։ Ընդհանուր առմամբ բոլոր ծախսերը միասին պիտի կազմեին առնվազն 70 հազար դրամ։ Վանիկ Ալեքսանյանն ասում է, որ իր կարծիքով՝ ռետինե խողովակը մետաղականով փոխարինելու պահանջը բխում է ոչ թե իր տան անվտանգության շահերից, այլ այդ խողովակները մոնոպոլ ներկրողի շահերից՝ գերշահույթ ստանալու նպատակով: Ալեքսանյանը տարօրինակ է համարում, որ գազի համար նախատեսված ռետինե խողովակի 1 մետրն արժե 200 դրամ, իսկ մետաղականը՝ 6000-7000 դրամ:

Վանիկ Ալեքսանյանը զգում է, որ իրեն ցանկանում են խաբել, այս մասին նամակ է գրում Երևանի ԳԳՄ տնօրեն Գառնիկ Մովսիսյանին, եւ ստանում հետևյալ պատասխանը.

Վանիկ Ալեքսանյանը պատմում է, որ այս օրերին հանդիպել է տեսուչի հետ, որը պատմել է, որ իմ նամակը պատճենել ու տարածել են բոլոր պետերին. ըստ երեւույթին՝ «խառնվել են» իրար, հարցնում են՝ ո՞վ է 7 հազար դրամի անուն տվել.«Տեսուչին հարցուփորձ են արել իմ մասին, ենթադրություններ են արել, որ նամակը ես չեմ գրել, ինձ ուղղորդել են: Իրենց զարմացրել է իմ տեղեկացվածությունը եւ իմ իրավունքները պաշտպանելու հետեւողականությունը։ Այս օրերին մի հեռախոսազանգ եմ ստանում փակ համարից (իրենց բոլոր զանգերը բակ համարից են), հարցնում են՝ ինչ խնդիր կա, պատասխանում եմ, որ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում, որ իմ բնակարանի գազի միացման որևէ փոփոխություն կատարվի, ու որ ես չեմ ցանկանում ինչ-որ մեկին ապօրինի հարստացնել։ Ինձ ձեր մետաղական խողովակը պետք չէ։ Ասեք՝ ո՞վ է այդ մետաղական խողովակների ներկրողը, որին իմ գրպանի հաշվին ցանկանում եք հարստացնել։ Պատասխանում է՝ դե դա ձեզ չենք ասի։ Դրանից հետո ստանում եմ ևս մեկ զանգ, զանգահարող կինն ասում է, թե կուղարկեն նախահաշվի գումարը, կվճարեմ, ապա կգան աշխատանքներն իրականացնելու։ 1-2 օրից տեղեկացնում են, որ պետք է վճարեմ 38.700 դրամ։ Այսինքն՝ նախնական պահանջածի համարյա կեսը։ Գնում եմ վարչություն եւ ստանում նախահաշիվը»։

Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. երեկ Վանիկ Ալեքսանյանին զանգահարում է մասնագետը և գնում բնակարան՝ աշխատանքները կատարելու, սակայն իր հետ չի ունենում սանդուղք՝ առաստաղի միացումները կատարելու համար, Ալեքսանյանից է պահանջում.«Ես նրան ասում եմ՝ ես ձեզ չեմ խնդրել իմ խողովակը փոխել, դուք եք պնդել. ինչպես ուզում եք, այնպես էլ փոխեք։ Նա էլ թե՝ գազը կանջատենք։ Ես ձեզ 38 000 դրամ վճարել եմ, որ գաք ձեր գործն անելու, նախահաշվի մեջ չկա իմ պարտավորվածությունը՝ ձեզ աշխատանքային գործիքներով ապահովել։ Ինչ-որ մեկին զանգեց, պատմեց եղելությունը եւ հեռացավ»։ Այս պահի դրությամբ Վանիկ Ալեքսանյանի խնդիրը դեռևս չի լուծվել:

Մարիամ Սարգսյան