Աստված չտա՝ գարնան բույրը շաղախված լինի նաև վ...

Մարտի 29-ին Վիեննայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման հնարավոր պայմանավորվածությունների ու ակնկալիքների մասին Politik.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

-Պարո՛ն Աշոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպմանն Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մտքեր կփոխանակվեն։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ հնարավոր կլինի Ադրբեջանի նախագահի համար ընդունելի դարձնել այս միտքը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար նման առաջարկությունը այս փուլում ուղղակիորեն ընդունելի լինել չի կարող: Շատ ուրախ ու զարմացած կլինեմ, եթե Փաշինյանի կախարդական փայտիկը գոնե այս հարցում աշխատի: Ակնհայտ է նաև, որ այդ ռազմավարական խնդրին լուծում տալու համար նախևառաջ պետք էր պատշաճ երկխոսություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, որպեսզի այսօրվա իրավիճակը՝ Հայաստանը ընդդեմ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի փոխակերպված լիներ՝ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ընդդեմ Ադրբեջանի այս հարցով: Ցավոք, մարտավարական մեծ սխալներ է գործել Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան կարգավորման հետ կապված այս 10 ամիսների ընթացքում: Այդ սխալների մի մասը, կարծում եմ, գիտակցել է և փորձում է սրբագրել: Այդ սրբագրման աշխատանքների ականատես եղանք, մասնավորապես, Ստեփանակարտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին և դրան հաջորդած մամուլի հաղորդագրությանը ծանոթանալիս: Մտքեր փոխանակել միշտ կարելի է՝ անգամ ամենաոխերիմ հակառակորդիդ հետ, բայց հետո պետք չէ գալ և այդ մտքերի փոխանակումը որպես քաղաքական հաջողություն հրամցնել հասարակությանը, որովհետև իրականության մեջ, ինչպես մեկ անգամ ու պատասխանատու կերպով հայտնել եմ, դեռևս կազանյան հանդիպումից սկսած մնացած բոլոր փուլերում նույնպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը խաղաղության համապարփակ համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը բանակցված մոտեցում էր դեռևս Սերժ Սարգսյանի օրոք:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք բանակցություններից, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ դիրքերով է այս հանդիպմանը մասնակցում հայկական կողմը։

Բանակցություններից ակնկալիքները շատ հստակ են: Բանակցությունները պետք է նախևառաջ կանխեն հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը, իսկ վերսկսման դեպքում միջազգային հանրությունը Հայաստանին չթիրախավորի որպես մեղավոր կողմ և Ադրբեջանին դե ֆակտո ինդուրգենցիա չտա՝ հարցը բռնի կերպով, ուժով լուծելու ցանկության համար: Մյուս ակնկալիքը այն է, որ Նիկոլ Փաշինյանը, եթե չի կարող էլ ավելի լավ հեծանիվ հորինել այս հարցում, քան Սերժ Սարգսյանն էր ստեղծել, ապա բարի լինի բանակցային օրակարգ վերադարձնել նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման պարտավորությունը Ադրբեջանի կողմից:

-Կանխագուշակումներ անելը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ հատկապես վերջին օրերի սահմանի լարվածությունը և կողմերի հայտարարությունները, տեսնում եք ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մեծացում։ Այս մասին ի՞նչ կասեք:

Դեռևս ամիսներ առաջ եմ ասել, որ Աստված չտա, որ Հայաստանի ղեկավարության սխալ դիվանագիտական ռազմավարության պատճառով այս գարնան բույրը շաղախված լինի նաև վառոդի հոտով: Նման կանխազգացումներ ունեցել եմ, ունեմ նաև այսօր անհանգստություններ, և այդ անհանգստությունները վերջապես սկսել են կիսել նաև իշխանական որոշ հայտնի պատգամավորներ: