Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստինԱշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների իրականացման ծրագիրը, հաստատել են տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունն անդամ երկրների տարածքում, ինչպես նաև մինչև 2020թ. միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱՊՀ անդամ երկրների վարչապետները հաստատել են մտավոր սեփականության ոլորտում համագործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հավանություն են տվել մշակութային հիմնական միջոցառումների ծրագրին 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:
ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարներն ստորագրել են ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին, Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական ատեստավորման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկումների արդյունքների մասին համաձայնագրերը, հաստատել են ԱՊՀ գործադիր կոմիտեում պաշտոնյաների նշանակումներ:
Որոշվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015 թ. հոկտեմբերին Դուշանբեում:
Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Դիտվել է 10 անգամ
 


Այս թեմայով