Ավարտվեց «Բաքու 2015»-ը. ունենք մեկ արծաթ

collageԱյսօր` հունիսի 28-ին ավարտվեց Բաքվում ընթացող Եվրոպական առաջին մարզական խաղերը: Չնայած առաջացած հակասական կարծիքներին, այս խոշոր մարզական իրադարձությանը մասնակցեց նաև Հայաստանը` 7 մարզաձևերի 25 մարզիկներով: Հայաստանն այստեղ ներկայացուցիչներ ուներ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, բռնցքամարտում, հրաձգությունում, թեքվոնդոյում, Սամբոյում և ձյուդոյում:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից պատվոհարթակ բարձրացավ միայն հունահռոմեական ըմբիշ`66 կգ քաշային Միհրան Հարությունյանը: Հարությունյանը պարտվելով միայն եզրափակչում` կանգնեց պատվոհարթակի երկրորդ աստիճանին: Հայաստանցի ըմբիշի արծաթե մեդալի շնորհիվ, Բաքվի «Հեյդար Ալիև» մարզապալատում վեր խոյացավ հայոց եռագույնը: Հատկանշական է նաև այն, որ Հարությունյանը կիսաեզրափակչում գետնեց ադրբեջանը ներկայացնող ըմբիշին:
Չնայած այն բանին, որ մեր մյուս մարզիկները չկարողացան մեդալ նվաճել, այնուամենայնիվ բոլորն էլ հանդես եկան ըստ պատշաճի: Մասնավորապես տպավորիչ էին հունահռոմեական ըմբիշ` 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերը, ով նաև բացահայտ առավելությամբ հաղթեց  ադրբեջանցի ուժեղագույն ըմբիշներից մեկին, և հրաձիգ` 19 ամյա Հրաչիկ Բաբայանը, ով սահմանեց եվրոպայի երտասարդների ռեկորդ և բազմափորձ ու տիտղոսակիր մրցակիցների դեմ պայքարում գրավեց 5-րդ տեղը:

Միհրան Հարությունյանի արծաթե մեդալի շնորհիվ, Հայաստանը մեդալային հաշվարկում Կիպրոսի հետ կիսեց 36-ից 37-րդ տեղերը:

Եվրոպական առաջին մարզական խաղերի մեդալների հաշվարկը գլխավորեց Ռուսաստանը` նվաճելով 79 ոսկե, 40 արծաթե և 45 բրոնզե մեդալ:

Դիտվել է 22 անգամ
 


Այս թեմայով