Դուք ծնվել եք կապիկ լինելու համար. Ճոյտը՝ Արմեն Երիցյանին

աարմեն երիցյան-հակոբ հակոբյանԷդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո: 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Որեւէ փոփոխություն չկա: Վիճակը կայուն ծանր է: Բժիշկներն էլ ասում են, որ պետք է սպասել»,- երեկ մեզ տեղեկացրեց Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ անդրադառնալով իրեն պատկանող գազալցակայանի պայթյունի արդյունքում տուժած որդու, եղբորորդու եւ գազալցակայանի աշխատակցի վիճակին:

Հակոբյանը նշեց, որ ներկայումս բավարար բուժում է իրականացվում, բայց եթե առաջիկայում կարիք լինի, ապա անպայման երկրից դուրս կտանեն: «Բայց բժիշկները դեռ ամեն ինչ անում են: Երբ ասեն, որ այլեւս իրենց ուժերից վեր է, ապա անպայման կտանենք դուրս»,- հավելեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է պատահարին, ապա Հակոբյանը չցանկացավ մանրամասներ ասել: «Հիմա ես ընդհանրապես չեմ ուզում խոսել դրանից: Դեպք է, եղել է: Թե ովքեր են մեղավոր, հիմա դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը տուժածների վիճակով զբաղվելն է»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե այսօր ԱԻՆ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը հայտարարել էր, որ գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով, Հակոբյանը զայրացած պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Նախարարը շատ լավ կաներ, որ առաջինը հարցներ, թե ոնց են հիվանդները: Դա ավելի խելացի քայլ կլիներ, քան թե այդպիսի բաներ գլխից դուրս տար»:

Հակոբյանն ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել: «Սովորական, օրինական կալոնկա ա: Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչեւ երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար»,- իր խոսքը եզրափակեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ առավոտյան, Էջմիածին տանող ճանապարհին՝ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում: Պայթյունի պատճառով 3 մարդ՝ գործարարի որդին, եղբորորդին եւ գազալցակայանի աշխատակիցը, ստացել են 1-ին. 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կարգի այրվածքներ: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 210 անգամ
 


Այս թեմայով