Գիշերը ոստիկանները բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ աջակիցների

Rally of AnonymousՌեժիմը շարունակում է ամեն կերպ խոչնդոտել Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը. Անցած գիշեր ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել եւ բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում  ասվում է.

«Ռեժիմը ջղաձիգ քայլեր է կատարում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը խոչնդոտելու համար:

Երիտասարդները մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի վերաբերյալ իրազեկման պաստառներ են փակցրել էլեկտրասյուների վրա:

Ոստիկանությունը պատճառաբանել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) պահանջները խախտելու հիմքով: Նրանց երեք ժամ պահել են ոստիկանությունում, այնուհետեւ ազատ են արձակել: Հատկանշական է, որ նույն էլեկտրասյուների վրա ամեն օր ոստիկանության աչքի առաջ մարդիկ տարբեր պաստառներ եւ գրություններ են փակցնում, սակայն մինչ օրս ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար: Մինչդեռ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի իրազեկմանը հնարվորինս խոչնդոտելու նպատակով ոստիկանությունը հատկացրել է ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաներ եւ ավելի քան հարյուր ոստիկանության ծառայող:

Ընդամենը մի խումբ երիտասարդների խաղաղ եւ իրավաչափ ակցիայի նկատմամբ ռեժիմի այսպիսի անհամաչափ ուշադրությունը եւ անհարկի ջղաձիգ քայլերը վկայում են այն մասին, որ ռեժիմն զգում է իր մոտալուտ վախճանը: Հիմնադիր խորհրդարանը, անտեսելով իր դեմ հարուցված բոլոր խոչնդոտները, հետեւողականորեն շարունակելու է ռեժիմին հեռացնելու նպատակով համախմբել մեր ժողովրդին ու նրա ընդդիմադիր քաղաքական ակտիվին»:

 


Այս թեմայով