Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ահաբեկիչների վայրագություններից զերծ չմնաց Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

Ահաբեկիչների վայրագություններից զերծ չմնաց Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

Ահաբեկիչների վայրագություններից զերծ չմնաց Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցինԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Շնորհակալություն եմ հայտնում իմ սիրիացի գործընկեր Վալիդ ալ-Մուալլեմին՝ Սիրիա այցելելու հրավերի և մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Այս այցելությունը տեղի է ունենում սիրիացի բարեկամ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում: Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։

Սիրիական ճգնաժամից ի վեր մենք միջազգային ամենատարբեր հարթակներից մշտապես բարձրաձայնել ենք Մերձավոր Արևելքում և, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը, ահաբեկիչներին աջակցության անթույլատրելիությունը։ Այսուհետ ևս մենք շարունակելու ենք այդ խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել:

Խորհրդանշական է, որ այցելում ենք Սիրիա հենց այս տարի. 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Սիրիական անապատները դարձան Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ իմ հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան և երկրորդ հայրենիք:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։ Մենք ականատես ենք նոր վայրագությունների, բարբարոսության, որոնց հետևանքով միլիոնավոր սիրիացիներ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր հայեր, ստիպված են նորից գաղթի ճամփան բռնել։

Ահաբեկիչների վայրագություններից զերծ չմնաց նաև աշխարհասփյուռ հայերի համար ուխտատեղի հանդիսացող՝ Դեյր Զորի՝ Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, ինչը խորհրդանշական կապ է ստեղծում մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։

Մեր մշտական մտահոգության առարկա է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և մյուս փոքրամասնությունների վիճակը։ Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։

Բանակցությունների ընթացքում անդրադարձանք Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով:

Շնորհակալություն։

Դիտվել է 9 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy