19-ամյա զինծառայողը անդամալույծ է դարձել. նորակոչիկին ուղարկել են տուն, իսկ ՊՆ-ից չեն այցելում

19-ամյա զինծառայողը անդամալույծ է դարձել. նորակոչիկին ուղարկել են տուն, իսկ ՊՆ-ից չեն այցելումԵրևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող 19-ամյա  Խդր  Սարոյանը զինվորական ծառայության ընթացքում անդամալույծ է դարձել: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մայրը, ով ընտնիքի մյուս անդամների հետ անելանելի վիճակում է հայտնվել:

Խդր Սարոյանի մոր՝ տիկին Ասյայի խոսքով, իր տղան 2015 թվականի հուվարի 12-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր պարտադիր զինվորական ծառայության և 4 ամիս անց՝ մայիսի չորսին, բարձր  ջերմությամբ  գնացել է  ՀՀ ՊՆ N զորամասին բուժկետ.

«Երեխային մեկ շաբաթ անգիտակից պահել են զորամասի բուժկետում 39-40 աստիճան ջերմությամբ: Որից հետո տեղափոխել են Կիրովականի (Վանաձորի) հոսպիտալ և նորից նույն ձևով պահել են այդ տեղ: Հետո տեսել են, որ երեխան ծանր վիճակում է, ոտքերը չի շարժվում: Երեխան արդեն զանգահարել էր մեզ և մենք մայիսի 4-ին գնում էինք երեխայի մոտ: Իրենք (զորամասում) իմանալով այդ բանը՝ երեխային տեղափոխում են Երևանի հոսպիտալ (Մուրացանի զինվորական հոսպիտալ): Դրանից հետո էլ երեխայի վիճակը գնալով ծանրացավ: Ամեն օր ասում էին, որ կվիրահատեն: Վիրահատություն չեղավ ու տեղափոխեցին քանաքեռի հիվանդանոց՝ որտեղ էլ մի շաբաթ պահելուց հետո ծանր վիճակով ուղարկեցին տուն»,- պատմեց տիկին Ասիան:

Զիվորի մոր խոսքով՝ այս պահին իր տղան գիտակցություն ունի, սակայն անշարժ պարկած է ու նաև ջերմում է:

Խդր Սարոյանը արդեն մեկ շաբաթ է ինչ տանն է՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղում, սակայն այս ընթացքում Պն-ից  որևէ մեկը չի այցելել զինծառայողին:

«Զորամասը եթե շուտ ուղարկեր, այդքան բան երևի չառաջանար»,- ասաց տիկին Ասյան:

Politik.am-ն ակնկալում է ՀՀ ՊՆ-ի արձագանքը:

Խնդրին առաջիկայում կրկին կանդրադառնանք:

Խնդրով հետաքրքրվող լրատվամիջոցներին խնդրում ենք գրել politik.newsarm@gmail.com հասցեին:
Դիտվել է 830 անգամ
 


Այս թեմայով