Ինչու ՔԿ-ն դատախազությանը չի տրամադրում Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործի նյութերը

 Ինչո՞ւ իրավապահները Սուրիկ Խաչատրյանի որդուն սկսեցին փնտրել ծեծկռտուքից 10 օր անցԴեռևս մայիսի 22-ին քրեական գործը հսկող դատախազը պահանջել է նյութերը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկվա դրությամբ դեռ չէր ստացել Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործի նյութերը: Ինչպես հայտնի է՝ նա մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ՀՀ քննչական կոմիտեից կպահանջի և մինչև մայիսի 25-ը կստանա Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը և դրանից հետո նոր միայն կկարողանա գնահատականներ տալ:

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պարզեց, որ դեռևս մայիսի 22-ին քրեական գործը հսկող դատախազը պահանջել է նյութերը: Սակայն նրան ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են, որ գործն առայժմ չեն կարող տրամադրել:

ՔԿ-ից իրենց մոտեցումը հետևյալ կերպ մեկնաբանեցին. «Քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ, հարցաքննվում են տարբեր անձինք, որոնք կարող են գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու նպատակով էական ցուցմունքներ տալ: Ծանուցագրեր են ուղարկվել շուրջ երկու տասնյակ անձի՝ վարույթն իրականացնող մարմնին ներակայանալու համար: Քննության ակտիվ փուլում քննչական գործողությունների ընդհատումը վարույթն իրականացնող մարմնի կարծիքով նպատակահարմար չէ: Քրեական գործի նյութերը կուղարկվեն անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելուց հետո»: Իհարկե, եթե գործը պահանջողը լիներ ոչ թե վերահսկող դատախազը, այլ ուրիշ պաշտոնյա, ապա ՔԿ-ի պատասխանը լիարժեք հասկանալի կլիներ: Մի խոսքով, Աղվան Հովսեփյանը ցանկանում է Գևորգ Կոստանյանին հասկացնել, որ նա չհայտարարի մի բան, որը չի կարող կատարել»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով