Կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից այլևս կաթ կամ չեն մթերում

Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները«Ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ»:

«168 ժամ» թերթը գրում է.

«168 ժամը» ահազանգ էր ստացել Վարդենիսի տարածաշրջանի ֆերմերներից այն մասին, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից այլևս կաթ կամ չեն մթերում կամ մթերման գները խիստ նվազեցնում են: Գյուղացին խուճապի է մատնվել՝ չիմանալով՝ ինչպես վարվել այս իրավիճակում: Եթե նախկինում տարվա այս եղանակին նրանք մթերում էին 1 լիտրը 180 դրամով, այսօր նրանք գյուղացուն ստիպում են վաճառել 90-100 դրամով: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում հաստատելով լուրը՝ ներկայացրեց նաև պատճառը. «Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում ներկրվել է շատ էժան կաթի փոշի: Սա ակնհայտ խաբեություն է սպառողի նկատմամբ, որովհետև կաթնամթերք արտադրող շատ ընկերություններ գովազդում են իրենց «անարատ» կաթը, բայց բանից պարզվում է՝ այսօր Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի և այդ կաթի փոշով բիզնես են անում, որն ավելի շահութաբեր է:

Ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ»: Միջազգային շուկայում կրկնակի նվազել են կաթի փոշու գները, Հայաստանը ներկրել է այդ կաթի փոշին՝ և այժմ խոշոր արտադրողներն իրենց կաթնամթերքը դրանով են արտադրում: Որոշ ներմուծող և կաթնամթերք արտադրող ընկերությունների գերշահույթներ ապահովելու նպատակով այսօր հայրենական գյուղատնտեսությունը վտանգի է ենթարկվում: Գյուղացիները, ստիպված, սկսել են համատարած մորթել անասուններին. «Սպանդը սկսել ենք, անասնագլխաքանակը պակասեցնում ենք: Եթե մի տարի այսպես շարունակեն՝ ահագին կպակասի: ես արդեն 10 անասուն եմ մորթել»,- մեզ հետ զրույցում ասել է ֆերմերներից մեկը՝ նշելով, որ նման պայմանների դեպքում գյուղացին չի կարող և անասուն պահել, և խոտ առնել, և վարկեր փակել ու գոյատևել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 90 անգամ
 


Այս թեմայով