Պայքարող հայի կոտրված ողնաշար. ո՞վ է մեղավոր

collagePolitik.am: ԿԱՐԾԻՔ։ Հայաստանի անկախացումից անցել է արդեն 24 տարի: Անկախության վերականգնման գործընթացի գաղափարական հենքն ու էությունն այն էր, որ պետք է ստեղծվեր ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական, համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված պետություն: Դա ենթադրում էր այն, որ երկիրը պետք է ղեկավարվեր ժողովրդի, հանրության կողմից, պետք է լիներ օրենքի գերակայություն և հարգվեր մարդու իրավունքները: ՀՀ քաղաքացին և յուրաքանչյուր մարդ պետք է իրավունք ունենար ազատորեն արտահայտելու իր կարծիքն ու վերաբերմունքը ցանկացած իրադարձության կամ երևույթի մասին: Կարճ ասած պետք է ստեղծվեր այնպիսի պետություն, որտեղ իշխանական ողջ համակարգը, բոլոր գերատեսչությունները, պետական համակարգի բոլոր օղակներն ու ինստիտուտները պետք է միտված լինեին ապահովելու ՀՀ քաղաքացու իրավունքների ազատ իրացումն ու կենսագործունեությունը: Վերոնշյալ իրավունքների և կենսագործունեության ապահովման կրողը, պատասխանատուն ամենաառանցքային երաշխավորներից մեկը նաև իրավապահ մարմինները`նույն ինքը ոստիկանությունը պետք է լիներ:

Անկախության 24 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացին բազմիցս պարտադրված է եղել դուրս գալու փողոց` ցույցերի, հավաքների, երթերի և սահմանադրությամբ երաշխավորված մյուս մեթոդներով փորձել լսելի դարձնել սեփական ձայնն ու իրացնել իր իրավունքները: Սակայն մինչ այս` 24 տարների ընթացքում, չի եղել որևէ դեպք, երբ ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գտնվեն իրենց բարձրության վրա և պատշաճ ձևով ապահովեն ժողովրդի` սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ազատ իրացումը: Ոստիկանությունը նման դեպքերում, միշտ անտեսել է իր վրա դրված վերոնշյալ պարտականությունները և գործնականում իրականցրել է հակառակը` խախտելով ՀՀ քաղաքացիների  Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: «Հասարակական կարգի ապահովման» քողի տակ, ոստիկանությունը միշտ խոչընդոտել և ճնշել է ցանկացած ժողովրդավարական գործողություն կամ պրոցես` դառնալով գործիք  իշխանությունների, օլիգարխների և տարբեր չինովնիկների անօրինականություններն, ապօրինություններն, ամենաթողությունն ու անպատժելությունն ապահովելու համար: Իրավապահ մարմինների հակաիրավական և հակաժողովրդավարական գործողություններն են ամեն անգամ կոտրել հասարակության ողնաշարը, հուսահատեցրել և ստիպել հարյուր հազարավոր մարդկանց գլխիկոր հեռանալ այս երկրից:

Ուղղակի մի պահ պետք է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար և թե ինչպիսի երկիր կունենայինք այսօր, եթե 2003 կամ 2008 թվականների ընտրությունների ժամանակ ձևավորված ժողովրդական շարժումները չճնշվեր ոստիկանության կողմից (ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը և մարտի 1-ին)  կամ եթե ոստիկանությունը հանկարծակի որոշեր սատարել ժողովրդին: Բայց դեպքերի ընթացքն այլ բան ցույց տվեց և մենք այսօր ունենք այն ինչ ունենք:

Գաղտնիք չէ այն, թե վերջին շրջանում ինչ ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսվում ոստիկանության արդիականացման, իրավապահպան և քաղաքակիրթ ոստիկանի կերպար ձևավորելու, կաշառակերի վաստակած պիտակից ազատվելու և հասարակություն-ոստիկան կապն ամրապնդելու ուղությամբ: Սակայն հունիսի 23-ին տեղի ունեցող իրադարձություններն եկան ապացուցելու այն, որ խնդիրն ամենևին էլ ոստիկանի հագուստի ոճի կամ մեքենայի մակնիշի մեջ չէր:

 Որովհետև, իրավամբ, իրավապահպան և քաղաքակիրթ ոստիկանը հասրակության հետ կապը չի ամրապնդում ջրցան մեքենաներով կամ սեփական իրավունքների համար սահմանադրորեն պայքարող ժողովրդի հանդեպ անմարդկային բռնություններ իրագործելով: Հատկանշական է այն, թե ինչպիսի ջանասիրությամբ, ոգևորվածությամբ ու խանդավառ աչքերով էին ոստիկանները (հատկապես շարքային) ևս մեկ անգամ կոտրում, նաև հենց իրենց իրավունքների համար պայքարող հասարակության ողնաշարը, մի պահ անգամ չհիշելով, որ իրենք ևս հայ են ու հայի զավակ ու պայքարի տված պտուղներից օգտվելու էին նաև հենց իրենք և իրենց ծնողները:

Կարծում եմ, սա այն թեման է, որի մասին կարելի է խոսել անվերջ, որովհետև հայոց պատմության մեջ թշնամիները հային միշտ էլ հաղթել  են հայի ձեռքերով և մենք դեռ չենք սովորել, ինքներս մեզ հարգել ու չվնասել:

Պարզապես կրկին անգամ ականատես լինելով հայի ձեռքով հային ոչնչացնելու հերթական փորձին ակամա հիշեցի ու նորից համոզվեցի հայոց սպարապետ Գարեգին Նժդեհի խոսքերի ճշմարտացիության մեջ, որով և կեզրափակեմ միտքս. «Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, նրանում է որ կան թուրքանման հայեր»  :

Դանիել ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դիտվել է 1,788 անգամ
 


Այս թեմայով