Հաղորդում հանցագործության մասին. Ալյանս

Հաղորդում հանցագործության մասին. Ալյանս«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հայտարարությունը` բաց հաղորդում հանցագործության մասին:

Հայաստանի Հանրապետությունում առկա ծանրագույն և բնակչության համար արդեն անտանելի դարձած սոցիալ-տնտեսական վիճակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հղի է լինելու աղետալի հետևանքներով: Առանց այն էլ ճգնաժամային վիճակն ավելի է ծանրանալու բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների թանկացմամբ, տեղի կունենա մանր ու միջին մի շարք ձեռնարկությունների փակման հերթական փուլը, տասնյակ հազարավոր մարդիկ ևս կլքեն երկիրը և այլն:

Մինչդեռ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ինչպես հայտնվել է հանրությանը, պայմանավորված է ՀԷՑ-ի վնասներով, որոնք առաջացել են մասնավորապես ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքի և կորուստների հետևանքով: Ընդ որոում կորուստների թիվը, ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, վերջին տարիներին հասնում է շուրջ տաս միլիարդ դրամի տարեկան: Նախարարն ուղղակիորեն հայտարարեց, որ դա, մասնավորապես, գողության արդյունք է: Իսկ գողությունը, ինչպես հայտնի է, քրեական հանցագործություն է, և նախարարի այդ հայտարարությունը ուղղակիորեն բաց հաղորդում է հանցագործության մասին:

Ելնելով վերոգրյալից` ներկայացնում ենք սույն հայտարարությունը, որպես բաց հաղորդագրություն հանցագործության մասին բաց հաղորդման մասին: Քանի որ տվյալ հարցերը Ազգային ժողովում բարձրացվել են «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից, սակայն ոչ նախարար Զախարյանի, ոչ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի պատասխանները հանրության համար բավարար չեղան, ուստի պահանջում ենք Երվանդ Զախարյանի հայտարարության հիման վրա հարուցել քրեական գործ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար:

Ոմանց անփութության, լկտիության, «անարդյունավետ կառավարման ու գողության», իսկ ոմանց էլ հանցավոր թողտվության պատճառով առանց այն էլ ծայրահեղ վիճակում գտնվող մեր ժողովուրդը չպետք է վճարի և չի վճարելու:

Սույն հայտարարությամբ պահանջում ենք նաև ՀՀ իշխանություններից զերծ մնալ Ժողովրդին հերթական սոցիալական ցնցման ենթարկելու փորձից ու ՀԷՑ-ի ավանտյուրայի իրականացումը թույլատրելուց:

 
Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով