Home » ՄԱՄՈՒԼ » 25 ադրբեջանցիներ փորձել են անցնել Արցախ

25 ադրբեջանցիներ փորձել են անցնել Արցախ

սահմանԱդրբեջանն այլևս չի կարողացել թաքցնել Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչների (ութ ընտանիքի անդամներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու փորձը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը ճարահատյալ հաստատել է փաստը, որ նրանք փետրվարի 26-ի լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Արցախ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az-ի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ ոստիկանական բաժանմունքում նրանք բոլորը հարցաքննվել են, որից հետո ուղարկվել են Գաբալա: «Հետազոտությունների արդյունքներից կախված` հարցին իրավական գնահատական կտրվի», -ասել է նա:

ԼՂՀ անցնել ցանկացած գաբալացիներից Ռամին Իսմայիլովը Meydan TV-ին հայտնել էր, որ գիշերով սպիտակ դրոշներով դեպի ԼՂՀ սահման գնալու ժամանակ իրենց շրջապատել են ոստիկանության աշխատակիցները և տարել բաժանմունք:
Նա ասել է, որ իրենք ցանկացել են անցնել ԼՂՀ` Գաբալայում Նաբիևների ընտանիքի կողմից արված անօրինականությունների պատճառով:

«Նաբիևները մեր երեխաներին անհիմն ձերբակալում են: «Ազերիգազ»-ի Բաքվի գծով ներկայացուցիչ Գարա Նաբիևը, հարկերի նախարարի խորհրդական Մուսավեր Նաբիևը, Քյոթուքլու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիևը գնել են Գաբալան: Նրանք մեզ չեն թողնում ապրենք: Ցանկացած մարդու տուն և ավտոմեքենա թմրանյութ են նետում և ձերբակալել տալիս: Մենք այլևս չենք կարող ապրել Գաբալայում, և ընդհանրապես` Ադրբեջանում: Այդ պատճաով էլ ցանկանում ենք անցնել Ղարաբաղ: Թեկուզ մեզ հայերը գնդակահարեն, ուզում ենք ազատվել Նաբիևների զուլումից», -ասել է Ռամին Իսմայիլովը:

Փետրվարի 28-ին «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Գաբալայից ևս 108 բնակիչներ պատրաստվում են փախչել Իրան: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել շրջանի դատարանի անարդարությունների պատճառով:

Շրջանի բնակիչ Աքիֆ Իսմայիովը թերթին հայտնել է, որ դատարանը անարդարացի վճիռ` մեկ տարվա ազատազրկման  է ենթարկել իր որդուն նրա համար, որ նա ընդամենը վկա է եղել երկու երիտասարդների միջև թեթև ծեծկռտուքին: Նա պատմել է, որ բողոքով եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի մոտ, որն ասել է, որ երիտասարդներին կարելի էր ընդամենը 15 օր պատժել մեկուսացմամբ: Սակայն, դատարանը չի փոխել վճիռը: Նա հավելել է, որ իր և մյուս դատապարտվածների մերձավորները` 108 մարդ ցանկանում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Այլ ճանապարհ չունենք: Մենք չենք կարող անում դիմանալ նման անարդարությանը: Ձեռքներիս սպիտակ դրոշով կանցնենք Իրան», -ասել է Աքիֆ Իսմայիլովը:
Միջադեպերի հետ կապված սուր քննարկումներ են սկսվել սոցցանցերում: Մի օգտատեր գրում է. «Արևմուտքի առաջ ցանկացած գնով իրեն «հանդուրժողական», «մուլտիկուլտուրալ» ներկայացնող իշխանությունների երեսպաշտությունը սահման չունի: Իսկ Արևմուտքը սեփական շահերի համար լռում է, բայց և հասկացնել տալիս, որ գիտի, թե ինչպիսի աղետալի վիճակում է ադրբեջանական ժողովուրդը: Այդ ժամանակ իշխանությունները բարձր ամբիոնից հայտարարում են, որ «Արևմուտքը մեզ չի սիրում, որովհետև մենք մուսուլման ենք»: Իսկ իրենք ժողովրդի հսկայական ֆինանսական միջոցները ծախսում են արևմտյան նախագծերի, Լուվրի, Վատիկանի, Բուլղարիայի անձավների վերանորոգման, «Եվրատեսիլ», «Եվրախաղեր», այժմ էլ` «Ֆորմուլա-1» անցկացնելու վրա: Նրանք համոզված են, որ ոստիկանական մահակներով կճնշեն ժողովրդին: Այժմ հասանք նրան, որ իշխանություններից զզված մարդիկ զանգվածաբար պատրաստվում են անցնել նույն իշխանությունների կողմից թշնամի հայտարարված հայերի կողմը: Համոզված եմ, որ հիմա իշխանությունները կպատժեն ոչ թե իսկական մեղավորներին,այլ հենց այդ մարդկանց, որոնք, վտանգելով կյանքը, փախչում են երկրից»:

Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների մասին, որոնք անցել կամ փորձել էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը և հանձնվել Հայաստանին կամ ԼՂՀ-ին:
Այսպես, 2014 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ ի նշան բողոքի շրջանի գործադիր իշխանության կողմից իրենց տները քանդելու գործողությունների, փորձել էին անցնել ԼՂՀ տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին Վրաստանի հետ Հայաստանի սահմանում հայ սահմանապահներին էր դիմել Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջևը (ծնվ. 1976 թ.): Նա քաղաքական ապաստան է խնդրել իր, կնոջ և երեք անչափահաս երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը սպիտակ դրոշը ձեռքին ադրբեջանական զինվորականների կողմից կանգնեցվել է Հայաստանի հետ սահմանը անցնելու փորձի ժամանակ: Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ Նարիման Աղաևը ևս 2010 թվականին սպառնացել էր ապաստան խնդրել Հայաստանում, քանի որ քննիչը նրա դստեր դիակը հանձնել էր իրեն` 1000 դոլար կաշառք ստանալուց հետո:

Դիտվել է 87 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy