Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարությունը պաշտպանեց Սաշիկ Սարգսյանի բիզնեսը

Կառավարությունը պաշտպանեց Սաշիկ Սարգսյանի բիզնեսը

սաշիկԿառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը: ՀՀ կառավարությունը բացասական եզրակություն է տվել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որի ընդունման դեպքում վարորդների համար կստեղծվեն պատասխանատվության տարբեր պայմաններ՝ կախված գույքային վիճակից: Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության պահանջից, քանի որ բոլորը պետք է ստանան օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների միևնույն ծավալը, ունենան այդ իրավունքների ու ազատությունների իրացման նույն հնարավորությունները, դրանց պաշտպանության և խախտման դեպքում դրանց վերականգնման նույն միջոցները, ինչպես նաև հավասար իրավական պարտականություններ:
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:
Կառավարության նիստում քննարկվել է Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, թունավոր նյութերի, խիստ ներգործող նյութերի, մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող համապատասխան օրենքների հավելվածները և դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Գործադիրը, ողջունելով օրենքի նախագծի հեղինակի նպատակադրումը, առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման շրջանակում՝ նախագծերի փաթեթների միավորման նպատակով:
Վերոնշյալ օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Դիտվել է 2,630 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy